Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան
Արձագանքը շատ լավ եմ համարում. առաջին փուլի համար ինչ նպատակ դրել էինք մեր առաջ, կատարել ենք 100 տոկոս և մի բան էլ ավելի. Ամեն օր դեռևս շարունակվելու է այս պայքարը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նրա խոսքով, հրապարակ են գալիս այնպիսի մարդիկ, որոնք նախկինում երբեք որևէ հանրահավաքի չեն մասնակցել, իրենց բողոքի ձայնը չեն բարձրացրել:
«Մարդիկ գալիս են հասկանալով, որ սա պայքար է հանուն հայրենիքի, հանուն Հայաստանի ու Արցախի, հանուն հայ ժողովրդի։ Իսկ ինչ վերաբերում է մնացած ընդդիմադիր ուժերի կողմից պայքարը սկսելուն, հավատացեք, ամբողջ ճանապարհային քարտեզը կա, մեզ հայտնի է, գիտենք, մեր ընդդիմադիր գործընկերների հետ մշտապես քննարկման մեջ ենք: Առաջիկա օրերին ականատես կլինեք ավելի լայնածավալ բողոքի ակցիաների՝ ավելի կոնկրետ գործողություններով»,- ասաց ընդդիմադիր գործիչը։
Հարցին՝ ինչպես է վերաբերվում իրեն կոչումից զրկելու, քրգործ հարուցելու մասին իշխանամերձ շրջանակների կողմից հնչեցվող հայտարարություններին, Վանեցյանը ասաց․ «Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, այդ կոչումները իրենց հոր տնից չեն բերել, այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայությունների համար։ Եթե իմ նկատմամբ օրինական ճանապարհով հնարավոր լիներ որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել կամ կալանքի ենթարկել, հավատացեք իրենք վաղուց արդեն արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո 5-ից ավել գործերով մեղադրյալ եմ եղել, սկսած ամենածանր մեղադրանքից, որը ամբողջությամբ հերքվեց։ Փաշինյանի մամուլի խոսնակի մակարդակով իմ նկատմամբ տարածվող ինֆորմացիոն տեռորը նույնպես հերքվել է։ Կարճ ժամանակ հետո միևնույն է հանրությունը իմանում է ով է ճիշտ, ով սխալ»։
Հիշեցնենք, որ արդեն 5-րդ օրն է Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանը հայտարարել էր անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին:


