կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել․ Էդվարդ Նալբանդյան

Ֆրանսիայում Արցախի ճանաչման շուրջ գրեթե հանրային կոնսենսուս է ձևավորվել․ Էդվարդ Նալբանդյան

Sputnik Արմենիայի խմբագրությունը դիմել է 2008-2018 թթ․ ՀՀ արտաքին գործերի նախարար, 1999-2008 թթ․ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով մեկնաբանել Արցախի անկախության ճանաչման մասին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևը։

«Շատ կարևոր է, որ նոյեմբերի 18-ին Ֆրանսիայի Սենատում ներկայացված բանաձևի նախագիծը կոչ է անում ճանաչել ոչ թե պարզապես Լեռնային Ղարաբաղը, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սենատի նախագահ Ժերար Լարշեի առաջարկով բանաձևի ընդունման հարցն ընդգրկված է նոյեմբերի 25-ի Փարիզի ժամանակով 16։30-ի նիստի օրակարգում և հաստատվելու բոլոր հնարավորություններն ունի։

Բանաձևը նախաձեռնել են 5 քաղաքական խմբերի ղեկավարներ․ հանրապետականներ, սոցիալիստներ, կենտրոնամետներ, կոմունիստներ և կանաչներ, որոնք ներկայացնում են խորհրդարանի Վերին պալատի 348 անդամներից 294-ին, այսինքն՝ ընդհանուր թվի 85%-ը։ Քվեարկության օրը նրանց կարող են միանալ նաև այլ սենատորներ։

Բանաձևի նախագիծը Ֆրանսիայի կառավարությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու կոչ անելուն զուգահեռ՝ ընդգծում է ճանաչումը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման շուրջ բանակցությունների առարկա դարձնելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ բանաձևի նախագծում Ֆրանսիայի կառավարությունից՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պահանջվում է գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 1994 թ․-ին հաստատված սահմանների (շփման գծի) վերականգնման համար, այսինքն՝ 1994 թ. մայիսի հրադադարի մասին անժամկետ եռակողմ համաձայնագրին համապատասխան։

Բանաձևի նախագիծն ամենախիստ ձևով դատապարտում է Ադրբեջանի ռազմական ագրեսիան, որը իրականացվեց Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ և ջիհադիստ վարձկանների ներգրավմամբ», – ասել է Նալբանդյանը:

Չնայած Սենատի կողմից հաստատվելու դեպքում բանաձևը խորհրդատվական բնույթ է կրելու, սակայն միանգամայն ակնհայտ է, որ ֆրանսիացի օրենսդիրներն այդ քայլն անում են ոչ պարզապես արած լինելու համար և ամենևին ոչ որպես ցուցադրական ժեստ։

Նալբանդյանի խոսքով, Ֆրանսիայի կողմից պաշտոնական ճանաչման համար հատուկ օրենք ընդունելու կարիք չկա։ Բավարար է տվյալ հարցով կառավարության որոշումը և այս որոշման հրապարակումը ԱԳՆ-ի կամ լիազորված համապատասխան պաշտոնական ներկայացուցչի կողմից, վերբալ նոտայի կամ որևէ այլ ձևաչափով։

Հարցին՝ արդյո՞ք ֆրանսիական կառավարությունը մոտակա ապագայում կգնա նման քայլի, Նալբանդյանը պատասխանել է, որ պետք է նկատի ունենալ, որ այսօրվա դրությամբ Ֆրանսիայի հասարակակական կարծիքը Լեռնային Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ գործնականում ազգային կոնենսուսի է վերածվում։

  • Կիսվել: