երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Եվրամիությունը մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում Հայաստանի հիմնական գործընկերն է․ Նիկոլ Փաշինյան

Եվրամիությունը մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում Հայաստանի հիմնական գործընկերն է․ Նիկոլ Փաշինյան

Առանց իրապես անկախ դատական համակարգի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության հնարավոր չէ ունենալ լիարժեք ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Այս մասին Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտում՝  ISPI ուղեղային կենտրոնում,  «Ապագայի մասին երկխոսություն» խորագրով քննարկմանը իր ելույթում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայտնի է, որ առանց իրապես անկախ դատական համակարգի և դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահության հնարավոր չէ ունենալ լիարժեք ժողովրդավարություն և օրենքի գերակայություն: Բայց այդ վստահությունը պետք է վաստակել: Երկար ժամանակ այն խաթարվել է, և վերականգնելու համար ջանքեր են պահանջվում: Մեր միջազգային գործընկերների օգնությամբ մենք այն հետ ենք բերում:»,- ասաց նա։

Վարչապետը շեշտոց, որ ինստիտուտների կայացման և մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում Հայաստանի հիմնական գործընկերը դարձած Եվրամիության դերը։  «Ցանկանում եմ շեշտել Եվրամիության դերը, որը դարձել է Հայաստանի հիմնական գործընկերը ինստիտուտների կայացման և մեր բարեփոխումների օրակարգի իրականացման գործում: Այդ նպատակով առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի և Եվրամիության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Հատկանշական է, որ ՀԸԳՀ-ն բարեփոխումներ գեներացնող գործիք է, և դրա դրույթների կատարումը ենթադրում է որակական փոփոխություններ մեր հասարակության շատ ոլորտներում:»,- իր խոսքում ասաց նա։

Փաշինյանն ասաց, որ մենք բարձր ենք գնահատում Իտալիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները, և կարևորեց Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընդլայնման և քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում Իտալիսյի դերը։

«Իտալիան այն պատմական կամուրջներից մեկն է, որը Հայաստանին կապում է Եվրոպային: Այսօր այն կարևոր դեր է խաղում Հայաստանի և Եվրոպական միության միջև համագործակցության ընդլայնման և քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների ամրապնդման գործում: Մենք բարձր ենք գնահատում Իտալիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները և մտադիր ենք բոլոր ջանքերը գործադրել՝ դրանք ամրապնդելու և առավել բովանդակալից դարձնելու համար:

Մեր ժողովուրդների միջև հաստատվել էին պատմական սերտ կապեր այն ժամանակ, երբ Հայաստանը և Հռոմեական կայսրությունը հարևաններ էին, և դա արտացոլված է Հռոմեական ֆորումի պատին գտնվող չորս հնագույն քարտեզների վրա: Մ.թ.ա. առաջին դարում Հայաստանը նույնիսկ հռչակվեց Հռոմի բարեկամ և դաշնակից:Մեր հին ժողովուրդների միջև սերտ կապերը հիմնված են ընդհանուր արժեքների և ընդհանուր քրիստոնեական ավանդույթների վրա, որոնք, իհարկե, մեր բարեկամության անկյունաքարերից են:


Հայերի համար շատ կարևոր է, որ Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսի սուրբ մասունքները պահվում են Նեապոլի Սան Գրեգորիո Արմենո և Նարդոյի եկեղեցիներում:Արդի դարաշրջանում հայկական մշակույթի վերածննդին նպաստող կարևորագույն կենտրոններից մեկը Վենետիկի Սուրբ Ղազար կղզին է, որտեղ հիմնադրվել է Մխիթարյանների միաբանությունը երեք դար առաջ: Միաբանությունը, որը մինչ այժմ շարունակում է մնալ հայագիտության գլխավոր կենտրոններից մեկը, անգնահատելի դեր խաղաց հայ ժողովրդի լուսավորության և մշակութային զարգացման գործում: Այն հպարտության ևս մեկ առարկա է հայերի և իտալացիների համար: Այս շարքը կարելի է անվերջ շարունակել։
Մեր ժողովուրդների միջև ավանդական բարեկամությունն ամուր հիմք է ստեղծել մեր երկրների միջև համագործակցության զարգացման համար: Այսօր մենք վճռել ենք անել հնարավոր ամեն ինչ՝ մեր հարաբերությունների հետագա խորացման համար:

Առևտրատնտեսական համագործակցությունը մեր հարաբերությունների կարևոր բաղադրիչն է: Իտալիան Եվրամիության երկրների շարքում Հայաստանի երկրորդ խոշոր առևտրատնտեսական գործընկերն է: Միայն այս տարվա առաջին ինն ամիսներին երկու երկրների միջև առևտուրն աճել է մոտ 14 տոկոսով: ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը և Հայաստանի մասնակցությունը Եվրասիական տնտեսական միությանը լրացուցիչ հեռանկարներ են ստեղծում մեր երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար:

Իտալիայի հայ համայնքը, անկասկած, մեր գործակցությանը նպաստող ևս մեկ գործոն է: Մենք երախտապարտ ենք Իտալիայի կառավարությանը` Իտալիայում առկա հայկական մշակութային ժառանգության մասին հոգ տանելու համար: Եվ վերջապես, մենք երախտապարտ ենք Իտալիայի Պատգամավորների պալատի կողմից այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշման համար:»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

  • Կիսվել: