հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Եթե այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որեւէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել․ Գեղամ Մանուկյան

Եթե այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որեւէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել․ Գեղամ Մանուկյան

Արդեն մի քանի ժամ այստեղ նստած կառավարության անդամները վարչապետի աթոռը զբաղեցրած անձնավորության գլխավորությամբ ՀՀ  տարածքում թույլ են տվել տեղադրել թշնամական պահակակետ, մաքսակետ: Ավելին՝ հպարտանում են, որ իրենք են թույլ տվել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, Կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:

«ԱԽ իբր թե քարտուղարը երեկ հպարտանում էր, որ 15 տարվա մեջ ամենալավ ճանապարհն էր սարքել Սյունիքում շրջանցող: Հայրենադավ, դավաճան, կապիտուլյանտ իշխանությունները միայն կարող են  դա անել:

Իրենց անվտանգության համար հարյուրավոր  ոստիկաններ են բերել այստեղ: Եթե այսքան ոստիկան Սյունիքի մայրուղու վրա կանգնած լիներ, որեւէ մեկը չէր համարձակվի թշնամական մաքսակետ կառուցել: Երեկվանից արդեն այս կապիտուլյանտ իշխանության լուռ համաձայնությամբ կամ դավաճանական համագործակցությամբ, փոխադարձ համաձայնությամբ ՀՀ կարեւորագույն մայրուղիներից մեկի Գորիս-Կապան մայրուղու վրա հաստատվել է թուրքական գերիշխանություն: Իրենք դրանից չեն ամաչում, Նիկոլը չի ամաչում»,-ասաց նա:

Նրա խոսքով, իշխանությունների դավաճանական գործունեության արդյունքում Հայաստանի հարավը կտրվել է մնացած երկրից, շրջափակման մեջ են մնացել Սյունիքի մի շարք գյուղեր. «Առավոտյան լուր եղավ Սյունիքից, որ ոստիկանները թույլ չեն տվել քաղաքացիներին անցնել Հայաստանի մայրուղով: Այսպիսին են սրանք սարքել երկիրը եւ շարունակում են կեղծ խաղաղության խոստումով բերել նվաստացում: Սրանց միակ փրկությունը մեկ տարի եղել է ոստիկանական այս շարասյուները: Սրանք պարգեւավճարներ են բաժանում, փոխարենը առաջնագծի մեր դիրքը շարունակում են մնալ  չկահավորված, վրանային, ձմռան դիմաց շարունակում են մնալ անպաշտպան եւ թշնամին՝ վստահ լինելոբվ, որ քանի դեռ այս շենքում նստած է Նիկոլ Փաշինյանը, կարողանում է իր սեւ գործն անել ՀՀ տարածքում»,-ասաց Գեղամ Մանուկյանը:

  • Կիսվել: