Ես որեւէ մեկի հետ չեմ կռվել, չեմ նեղացել, առանձին պայքար չեմ սկսել. Արթուր Վանեցյան
Հանրության արձագանքը շատ լավն է, հրապարակը միշտ լի է մարդկանցով, գալիս են, խոսում են, իրենց ջակցությունն են հայտնում, մտահոգություններն են հայտնում: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Այսինքն այն նպատակը, որ դրել էինք մեր առջեւ, կարծում եմ՝ սկիզբը շատ լավն է եւ ունենալու է լավ արդյունք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ինքը հայտարարել է, որ որ պահին ոտքը գետնին խփի, 200 հազար մարդ կհավաքվի, ինչու է այդ պահն ուշանում, Վանեցյանն արձագանքեց, որ ինքը երբեւիցե նման բան չի հայտարարել. «Այդ հայտարարության սկզբնաղբյուրը նիկոլական «Պերֆեկտ TV»-ներն են: Ես նման հայտրարություն չեմ արել եւ երբեք նման հարց չեմ քննարկել»:
Ինչ վերաբերում է իր այն հայտարարությանը, որ եթե 100 հազար մարդ հավաքվի, իրենք կհասնեն իրենց առջեւ դրված նպատակին, Վանեցյանն ասաց. «Ես տեսնում եմ, որ հնարավոր է հասնել այդ արդյունքին: Ես տեսնում եմ, որ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար: Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները:
Ես այստեղ եմ առանց կուսակցական դրոշների, առանց որեւէ քաղաքական թիմերի: Ես որեւէ մեկի հետ չեմ կռվել, չեմ նեղացել: Ես առանձին պայքար չեմ սկսել «Հայրենիք» կուսակցությունով: Ես ասում եմ՝ հայ մարդ, դուրս արի փողոց եւ պայքարիր քո արժանապատվության, քո ինքնիշխանության համար, քո Արցախի համար: Ես տեսնում եմ, որ ունենք դրական արդյունք»: