կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Ես էլ լինեի Ալիևի տեղը, կասեի. «Վե՛րջ, մտա պատմության մեջ», բայց հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնով

«Ես էլ լինեի Ալիևի տեղը, կասեի. «Վե՛րջ, մտա պատմության մեջ», բայց հակամարտությունն ավարտված չէ». Մարկեդոնով

Հայ-ադրբեջանական հակամարտությունը, չնայած Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ավարտված չէ, քանի առայժմ կան չլուծված բազմաթիվ հարցեր, և ոչ միայն հայկական կողմը, այլև Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման անհրաժեշտության մասին: Այդ մասին Կովկասի ինստիտուտի կազմակերպած «Կովկասը XXI դարում» միջազգային գիտաժողովի ընթացքում ասել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ ներկայացնելով «Հայաստան. ազգային նախագծի փոխակերպման ուղիները» թեմայով իր զեկույցը:

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի՝ Եվրատլանտյան անվտանգության հարցերով կենտրոնի առաջատար գիտաշխատողը խոսում էր Հայաստանի անկախացման գործընթացի, Արցախյան շարժման և հետագա ներքաղաքական գործընթացներում Արցախի գործոնի ազդեցության մասին:
 

Քաղաքագետի խոսքով՝ իր զեկույցի նպատակը Հայաստանի ներքաղաքական կյանքում ղարաբաղյան գործոնի դերի և ազդեցության փոխակերպումը ցույց տալն է՝ սկսած 1988 թվականի Արցախյան շարժումից, որից սկսվեց Հայաստանի անկախացման գործընթացը:

Մարկեդոնովի գնահատմամբ՝ ղարաբաղյան գործոնի կենտրոնական, վճռորոշ ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ աստիճանաբար նվազելու է, սակայն զեկուցողը համաձայն չէ ադրբեջանական կողմի այն տեսակետի հետ, որ 2020 թվականի պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունը ավարտվել է, և Լեռնային Ղարաբաղի հարցը փակված է:

Այս համատեքստում, ի դեպ, Սերգեյ Մարկեդոնովը շեշտում է, որ սխալ է տվյալ հակամարտությունը Ղարաբաղյան անվանելը: Մարկեդոնովի կարծիքով՝ այն պետք է կոչել հայ-ադրբեջանական հակամարտություն՝ հաշվի առնելով այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղից բացի՝ Ադրբեջանի հետ հակամարտության այլ թատերաբեմեր են եղել և այժմ էլ կան: Մասնավորապես՝ Շահումյանը, Խանլարը, Գետաշենը, Մարտունաշենը, այսօր էլ՝ Սյունիքի և Գեղարքունիքի սահմանամերձ տարածքները, նախիջևանյան ուղղությունը:

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ Ղարաբաղը պարզապես գլխավոր խորհրդանիշն էր:

«Ինչ վերաբերում է հակամարտության ավարտվելուն, ապա, որպես փորձագետ, կարծում եմ, որ հակամարտությունն ավարտված չէ: Ես այդպես եմ կարծում որպես մասնագետ, ոչ թե որովհետև ես Երևանում եմ կամ որովհետև ես հայամետ դիրքորոշում ունեմ, ինչպես որոշ մարդիկ են կարծում: Հակամարտության ավարտը խաղաղության համաձայնագիրն է»,- ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետը շեշտեց, որ որևէ հակամարտության ավարտվելը մասնագիտական առումով ունենում է իր չափանիշները:

«Հակամարտության ավարտվելը երկու հասարակությունների համար քիչ թե շատ լեգիտիմ խաղաղության համաձայնագրի ստորագրումն է: Մենք այդ լեգիտիմությունը չենք տեսնում, ի դեպ, ոչ միայն Հայաստանում: Հայաստանում 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնությունից դժգոհ մարդիկ ելույթներ են ունենում, բողոքի ցույցեր են անում: Ադրբեջանում վիճակն այդ առումով ավելի բարդ է: Փառք Աստծո, սոցցանցերում կան բլոգներ, որտեղ կարդում ենք. «Գողացված հաղթանակ», «Մեզ թույլ չտվեցին վերցնել Ստեփանակերտը»,«Ի՞նչ են անում մեր տարածքում օտարերկրյա զինվորները»: Կարո՞ղ ենք ասել, որ ադրբեջանական հասարակությունը ամբողջությամբ ընդունել է պատերազմի արդյունքները: Իհարկե, ո՛չ: Ամբողջությամբ և մինչև վերջ չի ընդունել: Ես հասկանում եմ Իլհամ Ալիևի տրամաբանությունը: Եթե ես լինեի Իլհամ Ալիևի տեղը՝ ես էլ կասեի. «Վե՛րջ, ամեն ինչ ավարտված է, ես մտա պատմության մեջ, ես պատմության դասագրքի մեջ եմ»: Նրա տրամաբանությունը միանգամայն հասկանալի է, բայց չի կարելի ասել, թե հակամարտությունը դրանով ավարտվել է», - ընդգծեց Սերգեյ Մարկեդոնովը:

 

  • Կիսվել: