հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Երևանի ավագանու որոշմամբ Երևանում 72 մլն դրամով պոմպակայան ձեռք կբերվի

Երևանի ավագանու որոշմամբ Երևանում 72 մլն դրամով պոմպակայան ձեռք կբերվի

րևանի ավագանին արտահերթ նիստի ժամանակ որոշեց համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից 72 մլն դրամով Խանջյան փողոցում պոմպակայան ձեռք բերել: Նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:

«Հաշվի առնելով ՀՀ սնանկության դատարանի 2021 թվականի փետրվարի 26-ի վճիռը՝ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու վերաբերյալ, և նույն դատարանի 2021 թվականի հուլիսի 29-ի որոշումը՝ գույքն ուղղակի գործարքով վաճառելու թույլտվություն տալու վերաբերյալ, նախատեսվում է Երևան համայնքի 2021 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի ֆոնդային մասից հատկացնել 72 մլն 500 հազար դրամ՝ Խանջյան 2/6 հասցեում գտնվող պոմպակայանի ձեռք բերման նպատակով»,- նշեց Ներսիսյանը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Լևոն Զաքարյանը հետաքրքրվեց, թե ինչ հզորության է լինելու պոմպակայանը, ինչ է տալու այն քաղաքին:

«Այդ պոմպակայանով մենք այժմ իրականացնում ենք Կենտրոն վարչական շրջանի ոռոգման մեծ մասը: Դրա վերանորոգման դեպքում հնարավորություն կլինի ոռոգել ամբողջ Կենտրոնը: Այդ պոմպակայանը գտնվում է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի հաշվեկշռում, համայնքն էլ ցանկանում է ձեռք բերել այն: Գումարն էլ ուղղվելու է ՓԲԸ-ում առկա պարտավորությունների ամբողջական մարմանը»,- նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Որոշումն ընդունվեց 36 «կողմ», 1 «դեմ», 1 «ձեռնպահ» ձայներով:

  • Կիսվել: