ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ «միջանցքային տրամաբանություն». Նիկոլ Փաշինյան

Երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ «միջանցքային տրամաբանություն». Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այն մասին, թե ինչպես պետք է վերաբերվել Ադրբեջանի երեկվա որոշմանը:

«Շահարկումներից խուսափելու համար պիտի հիշեցնեմ և ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստի վրա, որ ադրբեջանական անցակետը չի գտնվում ՀՀ տարածքում: Խոսքն Էյվազլիի հատվածի մասին է: Հիմա կարող է այլ հարց ծագել. իսկ հնարավոր չէ՞ր բանակցել, որ այդ ճանապարհին ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ որևէ սահմանային հսկողություն չիրականացվեր: Հնարավոր էր, բայց դրա գինը լինելու էր «միջանցքային տրամաբանությունը», ինչն անընդունելի է մեզ համար:

Տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը մշտապես եղել է այն, որ դրանք պետք է վերաբացվեն՝ առանց որևէ էքստերիտորիալության համատեքստի և համապատասխան մաքսային, անձնագրային հսկողության: Այսինքն՝ երբևէ չենք քննարկել ու չենք քննարկելու որևէ միջանցքային տրամաբանություն, ինչպես նախկինում մի քանի անգամ հայտարարել եմ»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը նշեց, որ սա ֆիքսված է փոխվարչապետների եռակողմ՝ Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան ֆորմատում:

«Կարևոր է նաև նշել, որ վերջին շաբաթներին այս տրամաբանությունը և պայմանավորվածությունը հրապարակային կերպով հաստատել է նաև ՌԴ-ն: Եվ այս համատեքստում է թերևս Ադրբեջանը կայացրել երեկվա որոշումը»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանը նույնպես, ըստ անհրաժեշտության, անցման տեղերում կտեղադրի մաքսային, անձնագրային հսկողության կետեր:

Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների դրույթներին, մասնավորապես, տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաներն ապաշրջափակելու մասով:

«Մենք շահագրգռված ենք տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կոմունիկացիաներն ապաշրջափակելու հարցում և հույս ունենք առաջիկայում հասնել կոնկրետ լուծումների՝ եռակողմ աշխատանքային խմբում համաձայնեցված և հայտարարված սկզբունքների հիման վրա»,- ասաց Փաշինյանը:

  • Կիսվել: