երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵՊՀ-ն եւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՊՀ-ն եւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանն ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր՝ նոյեմբերի 10-ին, ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հուշագիր` արժևորելով պետություն-գիտական համայնք կապի ամրապնդումը։

ԵՊՀ-ից  հայտնում են, որ երկու կառույցների միջև համագործակցության նպատակն է նպաստել ԵՊՀ ուսանողների մասնագիտական հմտությունների և կարողությունների կատարելագործմանը, աշխատաշուկայում մրցունակ լինելու կարողունակությունների զարգացմանը, ինչպես նաև ապահովել նախարարության և համալսարանի մասնագիտական ներուժի փոխադարձ ներգրավումը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը վստահություն հայտնեց, որ այս հուշագիրը գործնական ազդեցություն կունենա բոլոր այն ուղղությունների զարգացման գործում, որոնք փոխհամագործակցության հիմքում են:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանն ասաց, որ ԵՊՀ-ն շատ է կարևորում գիտական համայնք-պետություն համագործակցությունը, որը պետք է նպաստի երկրի առաջընթացին ու զարգացմանը:

Հանդիպման ընթացքում, որին ներկա էին նաև ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և նախարարության ներկայացուցիչներ, կողմերը քննարկեցին հուշագիրը կյանքի կոչելու գործնական քայլեր:

ԵՊՀ-ի ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միջև կնքված հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են նախարարության գործունեության ոլորտների շրջանակում, մասնավորապես՝ զբաղվածության, ժողովրդագրության, սոցիալական պաշտպանության, գենդերային քաղաքականության և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց իրավունքների իրացման ու ծառայությունների հասանելիության ուղղություններով:

Ըստ հուշագրի՝ երկու կառույցների համագործակցության արդյունքում իրականացվելու են ԵՊՀ ուսանողների մասնագիտական պրակտիկա, հետազոտական աշխատանքներ, ուսանողների կարիերայի կառավարում, հոգեսոցիալական ծրագրեր և այլ միջոցառումներ:

  • Կիսվել: