կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ԵՄ ներդրումները կարող են հանգեցնել երկնիշ տնտեսական աճի. Քերոբյան

ԵՄ ներդրումները կարող են հանգեցնել երկնիշ տնտեսական աճի. Քերոբյան

Առաջիկա հինգ տարիներին Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթը կարող է հանգեցնել երկնիշ տնտեսական աճի՝ այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե  Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին վեց ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 5 տոկոսով: Նախորդ ամսվա սկզբին վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ տարին Հայաստանի տնտեսությունը կփակի 6 տոկոս աճով և հուլիսի 12-ին կառավարության նիստում հաստատվեց 2022-24 թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որի համաձայն 2022-ին, 23-ին և 24-ին միջինը տարեկան 7 տոկոս տնտեսական աճ է սպասում կառավարությունը: Այս թվերը բավականին բարձր թվեր են, Հայաստանի կառավարությունը ինչպե՞ս է պատրաստվում նման բարձր տնտեսական աճ ապահովել առաջիկա տարիներին, Քերոբյանը պատասխանեց․

«Ես արդեն ասացի՝ նույն տնտեսության մոդերնիզացիան հանգեցնելու է թռիչքաձև աճի, որովհետև մրցունակության բարձրացումը, որը բխելու է արտադրողականության աճից, բերելու է նրան, որ Հայաստանում կստեղծվեն նոր աշխատատեղեր, նոր ձեռնարկություններ և կսկսի արտադրվել, և միավորումն արդեն կսկսի արտադրել էապես ավելի շատ ապրանք քան նախկինում: Սա գործողություններից միայն մեկն է, գիտեք նաև, որ մենք զանգվածային կապիտալ ներդրումներ ենք անելու ենթակառուցվածքների մեջ: Սա ևս տնտեսական զարգացման մեծ աղբյուր է լինելու, այդտեղ թե՛ ճանապարհներն են, թե՛ ջրամբարները, դպրոցները, մանկապարտեզները: Այս բոլոր գործողությունները ուղղված են նրան, որ մենք 5 տարի հետո ունենանք լրիվ ուրիշ տնտեսություն»:

Հարցին, թե արդյո՞ք ավելի քան 3 միլիարդ դոլարի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ առաջիկա տարիներին ի՞նչ արդյունքի կբերի, Քերոբյանն ասաց․

«Այստեղ մի քանի հարցականներ կան, առաջինը պետք է կարողանանք այդ ներդրումը ճիշտ ներծծել մեր տնտեսության մեջ, ի նկատի ունեմ ստեղծել որակյալ պրոեկտներ, որոնք կկարողանան ֆինանսավորվել եվրոպական կառույցների կողմից՝ լինելով խելամիտ: Երկրորդը՝ այդ ներդրումները պետք է տան այն արդյունքները, որոնք մենք նախանշել ենք սկզբից: Եթե մենք այդ բոլորն անենք, ապա շատ մեծ կլինի արդյունքը և ազդեցությունը՝ ՀՆԱ-ի տասնյակ տոկոսների հասնող, և այստեղ նույնիսկ մենք կարող ենք ոչ թե 2.6, այլ շատ ավելի շատ գումար կոնսոլիդացնել, որովհետև սա ընդամենը ինդիկատիվ ցուցանիշ է, բայց որոշակի եվրոպական գումարի հետ զուգընթաց մենք կարող ենք ակումուլացնել նաև որոշակի լրացուցիչ միջոցներ այլ միջազգային դոնորների կողմից, ինչպիսն է Ասիական զարգացման բանկը, այլ միջազգային ֆինանսական կառույցներ, ովքեր ընդհանուր առմամբ կարող են էապես շատացնել նույնիսկ այդ գումարը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

  • Կիսվել: