երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հայ֊ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները մտահոգություն են հայտնել հայ֊ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆեր՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր խովաևը՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոքֆոյը՝ Ֆրանսիայից) տարածել են  հայտարարություն, որտեղ ՛՛խորը մտահոգությամբ են դիտարկում վերջերս տարածաշրջանում տեղի ունեցած միջադեպերը՝ ներառյալ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածները՛՛:

Նշվում է, որ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ կոնկրետ քայլեր ձեռնարկել իրավիճակի ապաէսկալացման ուղղությամբ։

՛՛Համանախագահները նաև կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և սադրիչ գործողություններից և ամբողջությամբ կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են նոյեմբերի 9-ի հայտարարության և հրադադարի մասին համատեղ համաձայնեցված այլ պայմանավորվածությունների համաձայն:

Լարվածության վերջին աճն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի համաձայնեցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը:

Համանախագահները կոչ են անում կողմերին զարգացնել առաջընթացը, որը ձեռք է բերվել Նյու Յորքում և Փարիզում համանախագահների հովանու ներքո կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպումների ընթացքում՝ շարունակելով ուղիղ երկխոսություն վարել՝ ուղղված տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման աջակցմանը՛՛,-ասված է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:

  • Կիսվել: