ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Չնայած առկա ահռելի խնդիրներին Որոտանից արտագաղթ չի եղել` բնակիչները հույսով են լցված դեպի ապագան. Գյուղապետարանի աշխատակից

Չնայած առկա ահռելի խնդիրներին Որոտանից արտագաղթ չի եղել` բնակիչները հույսով են լցված դեպի ապագան. Գյուղապետարանի աշխատակից

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության նախաձեռնությամբ մի շարք լրատվամիջոցների հնարավորություն ընձեռվեց ծանոթանալ Սյունիքի մարզի սահմանամերձ որոշ գյուղերի բնակիչների առօրյային, պատերազմից հետո ի հայտ եկած խնդիրներին, դրանց լուծմանը ուղղված քայլերին, ապագայի հետ կապված տեսլականներին, ինչպես նաև ԿԽՄԿ-ի կողմից մարզում իրականացվող ծրագրերին:

Առաջին կանգառը սահմանամերձ Որոտան գյուղում էր: Գյուղապետարանի աշխատակից Ժիրայր Գալստյանը լրագրողների հետ զրույցում նշում է, որ գյուղում հաշվառված բնակչության թիվը կազմում է 286 մարդ։ Հիմնական զբաղմունքները անասնապահությունն ու այգեգործությունն են։ Գյուղում կա դպրոց, որտեղ սովորում են 45 աշակերտ, իսկ աշխատում են 18 ուսուցիչ։ Ուսուցիչները տեղի բնակիչներ չեն և գյուղ են գալիս Գորիս քաղաքից, այդ իսկ պատճառով հաճախ ի հայտ են գալիս տրանսպորտային խնդիրներ։ Գյուղում կա նաև բուժկետ, սակայն անհետձգելի բուժման խնդրի դեպքում նորից ի հայտ են գալիս կոմունիկացիոն սահմանափակումները, ինչը լրացուցիչ անհարմարություններ է ստեղծում բնակիչների համար:

Բնակիչները ասում են, որ գյուղում կա նաև ոռոգման ջրի խնդիր։ Նշում են, որ երբեմն ոռոգումը կատարում են խմելու ջրով։ Ձմռանը առաջանում է նաև վառելափայտի խնդիր, սակայն նշում են, որ այս խնդիրը փոքր ինչ հնարավոր է եղել մեղմել շնորհիվ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի օգնության։ ԿԽՄԿ-ն միայն այս հարցում չէ, որ օգնության է հասել սահմանամերձ գյուղերի բնակիչներին` կազմակերպությունը պարբերաբար և՛ սոցիալական, և՛ տնտեսական օժանդակություն է ցուցաբերում նրանց։

Գյուղի խնդիրներին են անդրադառնում նաև բնակիչները: 73- ամյա  Էլմիրա Օհանջանյանը նշում է, որ խնդիրները չեն պակասում նաև պատերազմից հետո, պատմում է, որ հրադադարից հետո էր, երբ Ադրբեջանի զինված ուժերը առևանգեցին իրենց 9 գլուխ անասունները և հրաժարվեցին վերադարձնել, իսկ պետությունից դեռ փոխհատուցում չեն ստացել:  Սրտնեղում է, որ գյուղի երիտասարդությունը չունի աշխատանք: Շատերը ստիպված են լինում աշխատանքի անցնել Գորիսում, այստեղ էլ ի հայտ են գալիս տրանսպորտիհետ կապված խնդիրները։

Տրանսպորտային խնդիրները նաև խոչընդոտում են բնակիչներին իրենց բերք ու բարիքը գյուղի սահմաններից դուրս իրացնելու հարցում: Շատերի այգիները պատերազմից հետո դարձել են սահմանամերձ, այդ իսկ պատճառով նույնիսկ իրենց այգիներում գյուղագործական աշխատանքներ իրականացնելու համար բնակիչները ստիպված են թույլատրություն վերցնել համապատասխան ատյաններից և աշխատանքներ իրականացնել զինված ուժերի ներկայացուցիչների ներկայությամբ միայն:

Սակայն ինչպես նշեց գյուղապետարանի աշխատակից Ժիրայր Գալստյանը, չնայած բոլոր դժվարություններին գյուղից արտագաղթ չի եղել` բնակիչները հույսով են լցված դեպի ապագան: Իսկ ապագան նրանք կապում են ճանապարհների վերանորոգման, նոր աշխատատեղերի բացման, երեխաների համար մշակութային, սպորտային զբաղվածություն ստեղծելու հետ։

Մարիա Աղաբալյան

  • Կիսվել: