երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Չեք նկատում շահերի ակնհայտ բախումը, զարգացման հնգամյա ծրագիրն էլ քարուքանդ եք արել. Խաժակյանը՝ Մարությանին

Չեք նկատում շահերի ակնհայտ բախումը, զարգացման հնգամյա ծրագիրն էլ քարուքանդ եք արել. Խաժակյանը՝ Մարությանին

Լավ չէ, որ քաղաքապետը չի հետևում տենդերներին, դրանց արդյունքներին, չի նկատում շահերի ակնհայտ բախումը և փաստացի չի կարողանում վերահսկել ռիսկերը։ Այս մասին այսօր Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Լուս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը։

Անդրադառնալով Երևանի հնգամյա զարգացման ծրագրին Խաժակյանը նշեց, որ Երևանի համար «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ  օրենքը մասնավորեցնում է և ասում է, որ փոփոխելիության նախապայման է Երևանի զարգացման ծրագրի իրականացմանը խոչընդոտող հանգամանքների ի հայտ գալը: Նրա խոսքով` պիտի լինեն խոչընդոտող հանգամանքներ, որի պարագայում քաղաքապետարանը  կկարողանար այս կամ այն ծրագիրը հանել:

«Օրինակ` կետ է եղել, որով նախատեսվել է վերակառուցել և արդիականացնել Հաղթանակ զբոսայգին, ընդ որում, աշխատանքը նախատեսվել է իրականացնել մասնավոր ընկերությունների ներգրավմամբ: Այս ծրագիրը հանձնառու եք կատարել առաջին հերթին դուք՝ որպես քաղաքային իշխանություն, և հիմա մեզ ներկայացնում են այն կետերը, որոնք հանվել են: Որպես մեկնաբանություն գրել եք. «Հաղթանակ զբոսայգու վերակառուցման և արդիականացման ծրագիրը դիտարկվում է որպես ներդրումային ծրագիր»: Է՜, մետրոն էլ է ներդրումային ծրագիր, հազար ու մի բան, ինչ գրված է հնգամյակում, ներդրումային ծրագիր է: Հիմա սա ինչի՞ եք հանել, թե՞ պնդում եք, որ կանենք»,- ասաց Խաժակյանը:

Հաջորդ կետը, որ ներկայացրեց ավագանու անդամը այն էր, որ հնգամյա ծրագրում գրված էր, որ «բաց և թափանցիկ մրցույթի միջոցով ներգրավել նոր կամ աղբահանության երկրորդ օպերատոր»: Նրա խոսքով՝ մեկ տարի խոսվեց, որ լավագույն տարբերակը երկրորդ օպերատոր ներգրավելն է, մրցակցություն ապահովելն է: Ընդորում, դա գրված էր թե՛ 2019 թվականի զարգացման մեկամյա, թե՛ հնգամյա ծրագրում:

«Դուք էլ ասում էիք, որ սա մեզ համար շարունակում է մնալ ցանկալի տարբերակ, բա հնգամյայից սա հանո՞ւմ եք: Այսինքն, սրանք Ձեր տված խոստումներն են, որոնք հերթով բերում եք, հնգամյայից հանում եք  ու ասում եք՝ գիտեք ինչ, նշված կետը վերաձևակերպվել է ու ներառվել է 2019-2023 թվականին ծրագրում, և այդ աշխատանքը կիրականացնի Երևանի աղբահանություն սանիտարական մաքրում հիմնարկի կողմից: Հիմա էլ դուք եք մոնոպոլիա սահմանում: Ընդ որում՝ մի մոնոպոլիա, որն ավելի լավը չի, քան մասնավորի մոնոպոլիան»,- ասաց դա։

Նրա խոսքով՝ հնգամյա ծրագրով նախատեսված էր ստեղծել նոր հեծանվային ուղիներ:

«Այսինքն, եթե ՀՀ ոստիկանությունը ճանապարհային երթևեկության կազմակերպում է  իրականացնում, նշանակում է, որ մենք հեծանվային մայրուղի չե՞նք կարող ունենալ: Սա ի՞նչ մեկնաբանություններ են: Այս հնգամյա զարգացման ծրագիրը քարուքանդ եք արել, միջից կետերը հանել եք, չեք ընդունում, որ օրենքով սա պետք է գոնե հաշվետվություն ներկայացնեիք, խոչընդոտները ներկայացնեիք:  Ինչ-որ բացատրություններով այդ ծրագիրն ամբողջությամբ փոխել եք: Հիմա այս ծրագրերը հանում եք առանց պատճառի ու օրենքի խախտումով»,- ասաց Խաժակյանը:

Ավագանու անդամը նաև հայտարարեց, որ «Լույս» խմբակցությունը դեմ է քվեարկելու Երևանի հնգամյա զարգացման ծրագրին, որովհետև դրանից հանել են կարևոր կետերը:

  • Կիսվել: