հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Ո՞վ է ֆինանսավորվում Հայկ Մարությանի քարոզարշավը. «Хроника Кавказа»

Ո՞վ է ֆինանսավորվում Հայկ Մարությանի քարոզարշավը. «Хроника Кавказа»

Հայկ Մարությանի ընթացիկ նախընտրական քարոզարշավին վերաբերող նոր փաստաթղթեր են հայտնվել  «Хроника Кавказа» պորտալի տրամադրության տակ:

Մասնավորապես՝ փաստաթղթերը պարունակում են մանրամասն վերլուծություններ, այդ թվում՝ սոցիոլոգիական հարցումներ, տեսողական քարոզչության գնահատականներ և ուշագրավ տեղեկություններ քաղաքական գործչի հնարավոր ֆինանսավորման աղբյուրների մասին։

Համաձայն խմբագրությանը փոխանցված փաստաթղթերի՝ Մարությանի քարոզարշավի հիմնական քաղաքական ու ֆինանսական հովանավորը ռուսաստանաբնակ խոշոր գործարար Արթուր Սողոմոնյանն է, որը, դատելով զեկույցների ձեռագրից, հետազոտությունների և ռազմավարության մշակման համար ներգրավել է ռուսական PR ընկերություն։ Նշենք, որ Սողոմոնյանը Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփանակատերն է։

Նույն աղբյուրը պնդում է, որ Սողոմոնյանը զուգահեռաբար ֆինանսավորում է նաև նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, ինչը հարցեր է առաջացնում այն մասին, թե արդյոք Մարությանի քարոզարշավն անկախ նախագիծ է, թե ներդրողի ավելի մեծ «շախմատային խաղի» մի մասը։

Ներկայացված սոցիոլոգիական տվյալները վկայում են Մարությանի մեդիակերպարի և իրական վարկանիշի միջև առկա էական անջրպետի մասին, քանի որ ընտրողների երկու երրորդի չկողմնորոշված լինելու ֆոնին, արդեն իսկ կողմնորոշվածների շրջանում Նիկոլ Փաշինյանն ունի 57% աջակցություն, Սամվել Կարապետյանը՝ 21%, Ռոբերտ Քոչարյանը՝ 7%, իսկ Հայկ Մարությանը հայտնվել է քաղաքական թատերաբեմի հետնաբեմում՝ հավաքելով ընդամենը 4%։

Վերլուծությունը ցույց է տվել պարադոքսալ արդյունք. Մարությանի՝ որպես դերասանի և նախկին պաշտոնյայի, բարձր ճանաչելիությունը նրան չի օգնում։ Նրա թեկնածության մասին տեղյակների շրջանում միայն 5%-ն է պատրաստ քվեարկել նրա օգտին։ Ըստ էության, քաղաքական գործչի մեդիակապիտալը չի վերածվում ընտրական աջակցության։

Ինչպես նշվում է ստացված վերլուծական հաշվետվության մեջ, նախընտրական տարբերակների քննարկումը ցույց է տվել, որ շտաբի ընտրած դերասանական-կատակերգական կամ «սուպերհերոսային» կերպարը մերժվում է ընտրողների կողմից, քանի որ այն կտրուկ հակասում է թեկնածուի մասին մարդկանց ունեցած պատկերացումներին։

Պորտալը գրում է, որ չնայած ազդեցիկ հովանավորների առկայությանն ու բարձր ճանաչելիությանը՝ Մարությանի քարոզարշավը բախվել է ինքնության ճգնաժամի և կանգնած է «մեկ դերասանի թատրոն» մնալու վտանգի առաջ, ինչը չի արդարացնում լրջություն սպասող ընտրողների հույսերը։

  • Կիսվել: