երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար պատգամավորները շնորհակալություն են հայտնում ՀՅԴ-ին

Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար պատգամավորները շնորհակալություն են հայտնում ՀՅԴ-ին

Անցնող ամիսներին, բանաձեւին կողմ արտահայտվելու եւ քվեարկելու ուղղությամբ համաամերիկյան աշխատանք էր ծավալաել Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բոլոր սենատորները նրանց կազմակերպմամբ գտնվել են հայազգի ընտրողների ուշադրության կենտրոնում։ Ի դեպ, մինչ քվեարկությունը, գրեթե դրանից մեկ ժամ առաջ Քիմ Քարդաշյանն էլ է արձագանքել Հայ Դատի հանձնախմբի կոչին, եւ իր ինստագրամյան էջում, շուրջ 135 միլիոն հետեւորդներին կոչ արել զանգահարել սենատորների գրասենյակ եւ պահանջել կողմ լինել ներկայացված բանաձեւին»։

Իսկ Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանն էլ նշել է. «Շնորհակալություն Դաշնակցությանը և Հայ Դատի գրասենյակին: Ձեր տարիների քրտնաջան աշխատանքը տալիս է արդյունքներ։ Ապրեք շաաաատ»:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նա, մասնավորապես, նշել էր. «Հիրավի պատմական իրադարձություն. ԱՄՆ Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը»:

Նշենք նաև, որ այս տարվա հոկտեմբերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը, իսկ մի քանի սենատորներ վետո էին դրել՝ արգելափակելով դրա քննարկումը Սենատում: Այսօր, սակայն, Սենատը միաձայն (առանց վերապահումների) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը:

 

  • Կիսվել: