Բոլոր ոլորտներում ունենք տոտալ պարտված քաղաքականություն․ Նարեկ Կարապետյան
«Վեոլիա ջուրը» հայտարարել է, որ մայիսից Երևանի մեծ մասը օրական 7 ժամ ջուր չի ունենա։ Մեր հիմնական նպատակը մարդկանց կյանքի վրա ազդող փոփոխություններ բերելն է։ Ժամը 12-ից մինչև առավոտյան ժամը 7-ը մեր երկրի մայրաքաղաքում 21-րդ դարում հազարավոր բնակիչներ ջուր չեն ունենալու։ Սա մեր պետական ռազմավարության սխալ քաղաքականության արդյունքն է: Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին 4 ամսվա ընթացքում էլեկտրականության անջատումներն ավելացել են 40 տոկոսով։ Բոլոր ոլորտներում մենք ունենք տոտալ պարտված քաղաքականություն։ Հայաստանում ջրի կորուստը 65 տոկոս է կազմում, մատակարարված ջրից քաղաքացուն հասնում է 35 տոկոսը, համեմատության համար՝ էլեկտրաէներգիայի մեջ մենք իջեցրել էինք 6 տոկոսի կորուստը։ Հարցը ճիշտ լուծել է պետք․ ջուրը անհրաժեշտություն է, ոչ թե ճոխություն»:
Կարապետյանի խոսքով՝ ամենաջրառատ երկրներից մեկը տարածաշրջանում չի կարող բախվել նման խնդրի։
«Չի կարող լինել իրավիճակ, երբ բնակելի շենքերը, հիվանդանոցները կամ մանկապարտեզները ժամերով զրկված լինեն ջրից։ Ջրի ոլորտում ունենք մատակարարման սահմանափակումներ, իսկ արտաքին քաղաքական ռիսկերի ֆոնին վտանգի տակ է նաև գազամատակարարման կայունությունը։ Սա արդեն համակարգային մարտահրավեր է»,–ասել է նա:


