Ազնիվ խաղացեք, պարոնայք. Վահրամ Աթանեսյան
Տեղեկացվածության մեր ժամանակներում ոչ մի դժվարություն չկա՝ պարզելու, թե ով, երբ եւ ինչ դերակատարություն է ունեցել այս կամ այն իրադարձությունում: Այս մասին գրում է Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Բավական է google-ում որոնել եւ հայտնի կդառնա, օրինակ, որ Արցախի արտաքին գործերի նախարար եւ նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը 2014թ. որպես փորձագետ մասնակցել է Եվրամիության հովանու ներքո մի ծրագրի, որի «նպատակն է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորումը»՝
Ծրագրի հովանավորներն էին Մեծ Բրիտանիայի միջազգային զարգացման նախարարությունը, Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը, Իռլանդիայի արտաքին գործերի եւ առեւտրի նախարարությունը եւ Զարգացման բնագավառում միջազգային համագործակցության շվեդական գործակալությունը:
Ծրագրի պաշտոնական անվանումն էր. «Խաղաղ գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմախողովակային դիվանագիտության մեխանիզմները. Դասեր Հյուսիսային Իռլանդիայից»: Երկու փորձագետ ընտրված էր Արցախից, երկուսն՝ Ադրբեջանից:
Պարզ ասած, նպատակը մեկն էր՝ առաջարկել «Լեռնային Ղարաբաղի շուրջ» հակամարտության կարգավորում՝ հիմք ընդունելով Հյուսիսային Իռլանդիայի փորձը: Ինչպես հայտնի է, բրիտանական այդ տարածքի եւ Լոնդոնի կենտրոնական իշխանությունների միջեւ տեւական հակամարտությունը կարգավորվել է Բելֆաստի համաձայնագրով, որի էական կետերն են.
-Հյուսիսային Իռլանդիայի խորհրդարանի ընտրություն, որն ունի օրենսդրական լիազորություններ
-Հյուսիսային Իռլանդիայի Գործադիր կոմիտեի ձեւավորում՝ 12 նախարարի ընդգրկմամբ՝ կրոնական երկու համայնքների ներկայացմամբ, որը պետք է կատարի Հյուսիսային Իռլանդիայի կառավարության գործառույթներ
-Իռլանդիայի հանրապետության սահմանադրության փոփոխություն՝ Հյուսիսային Իռլանդիայի նկատմամբ տարածքային պահանջների վերացմամբ
-Հյուսիսային Իռլանդիայի զինված խմբավորումների զինաթափում:
Ահա սրանք են Հյուսիսային Իռլանդիայի խաղաղ կարգավորման համաձայնագրի դասերը: Եւ այս օրինակը «Լեռնային Ղարաբաղի շուրջ» հակամարտության կարգավորման վրա տարածելու նպատակով է, որ ֆինանսավորվել է նշված ծրագիրը:
Հիշեցնենք, խոսքը 2014թ. մասին է, երբ տապալվել էր Կազանյան փաստաթղթի ստորագրումը, և հայկական կողմը կոշտացրել էր դիրքորոշումը՝ պնդելով Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնորոշման միջազգային ճանաչումը:
Մեկնաբանությունները, կարծես, ավելորդ են: Մնում է ասել. «Ազնիվ խաղացեք, պարոնայք»՝ համացանցի հնարավորությունները մեկ փաստաթղթի բացահայտմամբ չեն սպառվում»։