երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ նախկին պատգամավորը 30 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

ԱԺ նախկին պատգամավորը 30 մլն դրամ գրավով ազատ կարձակվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանի նախագահությամբ այսօր որոշել է բավարարել ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի փաստաբանների միջնորդությունը և գրավի դիմաց ազատ արձակել նախկին պաշտոնյային, այդ մասին տեղեկացնում է Պետրոսյանի փաստաբան Միհրան Պողոսյանը:

«Ճիշտ է՝ պաշտպանության կողմը համաձայն չէ նաև այս որոշման հետ, քանի որ խափանման միջոցն առհասարակ պետք է վերացվեր, բայց այնուամենայնիվ, պետք է փաստենք, որ դատարանը որոշակիորեն օբյեկտիվ գտնվեց անձին արգելանքի տակ պահելու հարցը լուծելիս։ Թող մյուս դատավորներն էլ իրենց մեջ հաղթահարեն նախաքննական մարմինների` ՀՔԾ-ի ու դատախազության հանդեպ ունեցած վախը, հանձինս նրանց, ովքեր սրանից երկու օր առաջ, նույն պայմաններում նույն մեղադրյալին թողել էին կալանքի տակ, և այսուհետ կայացնեն օբյեկտիվ որոշումներ», -իր ֆեյսբուքյան էջում գրել է Պողոսյանը։

Ալեքսան Պետրոսյանը ազատ կարձակվի 30 մլն դրամ գրավի դիմաց: Ալեքսան Պետրոսյանին վերաբերող քրեական գործը առչվում է խոշոր չափի կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործին, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրված Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին:

Այս գործով հաղորդում տված անձը, հիշեցնենք, գործարար Սիլվա Համբարձումյանն է:

Հիշեցնենք՝ Արամ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, հանդիսանալով ՀՀ գործադիր իշխանության ղեկավար աշխատող, իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձանց օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել, ապա՝ օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

  • Կիսվել: