Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվել է. փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվել է:
՛՛Ժամը 18:40-ի դրությամբ՝ հավաքվել է 5 մլն 800 հազար դրամ, իսկ մնացած գումարը կփոխանցի Ռուբեն Հայրապետյանը։
Բոլորին շնորհակալություն! Ունեինք 2 օր, բայց անհրաժեշտ գումարը հավաքվեց ընդամենը 5-6 ժամում՛՛,-նշել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ երթուղային ավտոմեքենայում վիճաբանության էր եղել: Միջադեպի մասնակիցներից Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին և կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ կալանք չկիրառել, այլ տնային կալանք և 7 մլն դրամ գրավ սահմանել: