ԱԺ նախագահ, տեղակալներ չենք ընտրի, մինչև «Հայաստան» դաշիքնի երկու պատգամավորները կալանքից ազատ չարձակվեն․ Վանեցյան
Պետք է ապահովել ազատությունից ապօրինաբար զրկված պատգամավորների ներկայությունն ԱԺ նիստին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Հստակ է, որ Սահմանադրության պահանջ կա՝ ԱԺ պատգամավորը կարող է զրկվել ազատությունից բացառապես ԱԺ որոշմամբ։ ԱԺ-ն ժողովրդի իշխանության կրողն է։ Եթե ԿԸՀ-ն պատգամավորի թեկնածուին զրկել է անձեռնմխելիությունից, հիմք չէ, որ արդեն ընտրված պատգամավորը զրկված լինի ազատությունից։ Եթե առաջին օրվանից խախտվում է Սահամանադրությունը, սա մեզ որևէ լավ տեղ չի տանելու»,-ասաց նա։
Հարցին՝ իրենք և՞ս ԱԺ նախագահ, տեղակալներ չեն ընտրի, մինչև այս խնդիրը լուծում չստանա, Վանեցյանն արձագանքեց՝ միանշանակ։ «Մեր ընդդիմադիր գործընկերների հետ այս հարցում ամբողջությամբ համաձայն ենք և գործելու ենք միասնական»,-նշեց նա։
Դիտարկմանը, թե 8-րդ գումարման առաջին նիստին «Պատիվ ունեմ»-ը պասիվ է, Վանեցյանն արձագանքեց՝ դաշինքը շատ ակտիվ է, ուղղակի նիստը վարողը, ըստ Վանեցյանի, առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ և օրենքներով, այլ խնդրում է տարիքը հարգել։


