կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի վավերացմանը

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ-ի և Գերմանիայի միջև ֆինանսական համագործակցության համաձայնագրի վավերացմանը

2021 թվականի հոկտեմբերի 4-ին Բեռլինում ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2020 թ. ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց նախագծին:

«Խոսքը Բեռլինում ստորագրված համաձայնագրի մասին է, որով Հայաստանը որոշակի դրամական միջոցներ է ստանում Գերմանիայից՝ հստակ նպատակներով: Ընդհանուր գումարի չափը կազմում է 116 միլիոն 400 հազար եվրոյին համարժեք դրամ: Դրանից 40 միլիոնն ուղղվելու է վերականգնվող էներգետիկ ոլորտի վարկավորմանը, իսկ 70 միլիոնն ուղղվելու է փոքր ու միջին ձեռնարկությունների արտոնյալ պայմաններով վարկավորմանը»,- ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը:

Համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման և կողմերի միջև համագործակցության համար: Համաձայնագրով նախատեսվում է մինչև.

3 000 000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում-Հայաստան» ծրագրի իրականացման համար,

40 000 000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Վերականգնվող էներգիայի զարգացում (II փուլ) DKTI (Կլիմայի և տեխնոլոգիաների գերմանական նախաձեռնություն)»՝ Վերականգնման վարկերի բանկի կողմից զարգացման հանրային քաղաքականության շրջանակներում,

70 000 000 եվրո ֆինանսական օժանդակություն տրամադրել «Փոքր և միջին ձեռնարկությունների խթանում III» ծրագրերի իրականացման համար,

3 400 000 եվրոյի ֆինանսական օժանդակություն տրամադրել վերոնշյալ երկու ծրագրերի իրականացման ու տեխնիկական աջակցմանն ուղղված անհրաժեշտ ուղեկցող միջոցառումների համար:

Գերմանիան Հայաստանին ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերող երկրորդ դոնոր երկիրն է ԱՄՆ-ից հետո, ԵՄ շրջանակներում ՀՀ առանցքային առևտրային գործընկերը: Հայ-գերմանական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Արևելյան գործընկերության շրջանակներում:

  • Կիսվել: