երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին

ԱԺ հանձնաժողովը հավանություն չտվեց արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորումը պարզեցնող նախագծին

ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց կառավարության օրենսդրական նախաձեռնությանը, որն օրինակ, փոփոխություններ է առաջարկում արտադրական կանեփի հետ կապված գործունեության՝ արտադրության, ներմուծման, արտահանման լիցենզիա ստանալու կարգում: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հանձնաժողովին ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

«Գործող օրենսդրությամբ տնտեսավարողներից պահանջվում է անպայման լիցենզավորման փաստաթղթերի հետ մեկտեղ նաև բիզնես ծրագրի ներկայացնում: Մեր փորձառությունը ցույց է տվել, որ դրա կարիքը չկա»,-ասաց Նանուշյանը:

Այսպիսով, արտադրական կանեփի հետ կապված գործունեության լիցենզավորման համար բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջը նախատեսվում է հանել:

Նախագծի առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում լրացվել են որոշակի սահմանումներ, օրինակ՝ արտադրական կանեփի չորացված զանգված հասկացությունը: Կառավարության համար սահմանվել են որոշակի լիազորություններ, օրինակ՝ ոչնչացման պահանջները սահմանելու համար:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում առաջարկվել է մեկ տարին դարձնել 2 տարի: Տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ենք տալիս մինչև 2 տարվա ընթացքում պատրաստել արտադրությունը՝ կառույցները հիմնելով և մնացած պահանջները սահմանելով: Մտահոգություն էր հնչել, որ հնարավոր է՝ որոշ դեպքերում մեկ տարին բավարար չի լինում այդ ամենը նախապատրաստելու»,-ասաց Նանուշյանը:

2021-ին ընդունված օրենքով Հայաստանում թույլատրվելու են արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումը, մեծածախ առևտուրը: Արտադրական կանեփի արտադրությունը, ներմուծումը, արտահանումն ու մեծածախ առևտուրը հանդիսանում են լիցենզավորման գործունեության տեսակ: 

Հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը հետաքրքրվեց, թե արդյոք 2 տարի առաջ օրենքի ընդունումից հետո առկա տնտեսական ակնկալիքները չեն արդարացե՞լ և հիմա ներկայացված նախագծով փորձում են այդ խոչընդոտները վերացնե՞լ, որ այդ բիզնեսը զարգանա:

Նանուշյանը պատասխանեց, որ 1.5-2 տարիների ընթացքում, երբ օրենքը և ենթաօրենսդրական ակտերը սկսեցին գործել և լիցենզավորման գործընթացը սկսվեց, վերհանեցին որոշ խնդիրներ, խոչընդոտներ: «Եվ հիմա դրանք վերացնելով՝ նպատակ ենք հետապնդում, որ օրենքն ավելի արդյունավետ կիրարկվի»,-նշեց նա:

  • Կիսվել: