Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները. Հայրապետյան
«Ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու լավություն է ուզեցել անի»: Այսօր` դեկտեմբերի 16-ին, Երկիր մեդիա ՀԸ «Երկրի հարցը» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը` խոսելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի մասին, գրում է News.am-ը:
«Ես իրեն չեմ վիրավորի, ինքն անձնական վիրավորանք է հասցրել ինձ, եւ Անդոյին ուզում եմ մի բան ասել, որ ինչպես կասեր իր տերը` «այ վախկոտ, ինչի՞ վնգստացիր այդքան շուտ», պետք չէր այդքան շուտ ցույց տալ քո դեմքը: Ես անձնական վիրավորանք չեմ հասցնում, ուղղակի զգուշացնում եմ, որ ինքը վախկոտ է, եւ ուզում եմ մեր հանրությանը տեղյակ պահել: Ես այսօր իրեն պատասխանում եմ մի պարզ պատճառով, որ ինքը վախկոտ է, ու ինքը կանչելու է լեգենդար գեներալ Խաչատուրովին կամ Արցախի հերոս Սեյրան Օհանյանին,այդ վախկոտը (նկատի ունի՝ ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողով հրավիրելը՝ խմբ.): Եթե իմանայի, որ ինքը այդպես վախկոտ է, իր անունը չէի էլ տա, ես ուղղակի մտածեցի, որ ինքը որպես նախկին ընկեր, որպես իր կյանքը փրկած մարդու՝ լավություն է ուզեցել անի: Բայց ես հասկացա, որ «ամեն ձեւով փախի Հայաստանից», նա այդ տեխնոլոգիայի մասնագետ է»,-ասել է նա:
Ռուբեն Հայրապետյանն ընդգծել է, որ Անդրանիկ Քոչարյանը երբեք որեւէ թիմի անդամ չի եղել:
«Հիշեք՝ ո՛վ է եղել իր կենսագրության մեջ: Ինքը դավաճանել է Վազգեն Մանուկյան, Լեւոն Տեր- Պետրոսյանին, չթվարկեմ, դուք ասեք` որ թիմում է ինքը եղել: Ես 15 տարի է` Հանրապետականում եմ ու հպարտանում եմ, իսկ ինքը ճամբարափոխ է եղել: Մտածում են՝ «Իմ քայլի» հետ ինքը կարող է թիմի անդամ լինել»,- հավելել է գործարարը:
Ռուբեն Հայրապետյանը չի հրապարակել այն անձի անունը, որն իրեն փոխանցել էր՝ հեռանալ երկրից, եւ նորից շեշտել է, որ չի պատրաստվում հեռանալ երկրից. «Այստեղից թող գնան վախկոտ անդրանիկքոչարյանները»:
Նշենք, որ օրեր առաջ իր Ռուբեն Հայրապետյանը սկանդալային հարցազրույցի ժամանակ ասել էր, որ Անդրանիկ Քոչարյանն իրեն միջնորդավորված հորդորել է հեռանալ երկրից, քանի որ ձերբակալելու հրաման կա: Անդրանիկ Քոչարյանն էլ, ի պատասխան այս հայտարության, ասել էր, որ ինքը «չի պատրաստվում ամեն շան հաչոցի պատասխանել»: