երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Այսինքն` մտածում եք, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից պետք է ասեր Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, չէ, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան

Այսինքն` մտածում եք, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից պետք է ասեր Շուշին ու Հադրութը օկուպացվա՞ծ են, չէ, չպետք է ասեր. Գագիկ Մելքոնյան

44-օրյա պատերազմի տարելիցի օրը Եռաբլուր զինվորական պանթեոն էր այցելել նաև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։ Լրագրողները Մելքոնյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ դասեր է քաղել իշխանությունը պատերազմից հետո։

«Ասեք՝ ոչ միայն իշխանությունը, այլև մենք, ամբողջ ժողովուրդն ի՞նչ դասեր է քաղել։ Մենք հասկացանք, որ պետք է լինենք միասնական, որպեսզի նման բաներ չկրկնվեն, ուժեղացնենք մեր բանակը», - ասաց Մելքոնյանն ու վստահեցրեց, որ «արդեն ահռելի փոփոխություններ են կատարվում բանակում»։ Արդյունքների մասին բարձրաձայնելը, ըստ Մելքոնյանի, ճիշտ չէ։

Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքները վերադարձնելու հարցին Մելքոնյանը ևս անդրադարձավ՝ ասելով, որ եթե իրեն են հարցնում, ապա ինքը համաձայն է, որ հետ բերենք, բայց դա այսօրվա հարց չէ։
 

«Ոչ թե հիմիկվանից գոռանք, թե հետ բերենք, այլ սուս ու փուս, ոնց որ իրենք 1994 թվականին պարտվեցին, անցավ 25 տարի, հետ վերցրին, հիմա էլ մենք պետք է, այ, դո՛ւք պետք է աշխատեք էնպես անել, որ այ էսպիսի հարցեր չտաք՝ հե՞տ ենք բերելու, թե՞ չէ», - ասաց Մելքոնյանը։

Նա պնդեց, որ Արցախի տարածքները Ադրբեջանի կողմից օկուպացնելու մասին իրենք էլ են աշխարհին ասում, բայց դիտարկմանը, թե օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստին Փաշինյանն իր ելույթում այդպիսի բան չի ասել, արձագանքեց.

«Այսինքն, մտածում եք, որ պիտի ասեր, հա՞»։ Թե ինչո՞ւ չասեր հարցին Գագիկ Մելքոնյանը կարճ պատասխանեց. «Որովհետև»:

Ըստ ՔՊ-ական պատգամավորի, այդպիսի գործերը «սուս ու փուս են» արվում, բայց իրականում արվո՞ւմ են, թե՞ ոչ՝ չպատասխանեց։

«Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու» Փաշինյանի օրակարգին զուգընթաց՝ Շուշին ազատագրելու հնարավորությունն, ըստ Գագիկ Մելքոնյանի, այսպիսին է․ «Մենք խոսում ենք՝ տարիներ հետո ինչ ենք անելու։ Էսօր չգնացինք ու Շուշին գրավեցինք։ Պիտի գա ժամանակ, մենք պիտի կարողանանք զինվել, կարողանանք պրոֆեսիոնալ բանակ ստեղծել։ Էդ ժամանակ արդեն, հետագայի խնդիր է, թե ինչ կարղ ենք անել»։

 

  • Կիսվել: