Այս Ազգային ժողովում սուր ելույթների պակաս չի լինելու. Վանեցյան
Ազգային ժողովը լրացուցիչ հարթակ է, լրացուցիչ գործիք է, որը մենք օգտագործելու ենք մեր հիմնական նպատակին հասնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա հավելել է, որ խորհրդարան գալով չեն հրաժարվել իրենց հիմնական պահանջից, այն է՝ իշխանություններին րոպե առաջ հեռացնելը․
«Եթե ինչ-որ մեկին թվում է, թե պետք է գանք այստեղ ու բնականոն ընթացքով աշխատենք, ապա սխալվում են: Մեր երկիրը չի գտնվում նորմալ վիճակում: Ընդդիմությունն անում է այն, ինչի գործիքակազմ ունի: Երկրի անվտանգության պատասխանատուն իշխանությունն է, և եթե այն չի կարողանում ապահովել երկրի անվտանգությունը, ապա ազնվորեն դա պետք է խոստովանի ու հեռանա»։
Վանեցյանը նշեց, որ եթե ԱԺ բերվի օրինագիծ, որը կբխի Հայաստանի ժողովրդի շահերից, ապա պատրաստ են, պարտավոր են համագործակցել ու կողմ քվեարկել․
«Այլ որևէ տարբերակում «Պատիվ ունեմ»-ը իշխանությունների հետ համագործակցություն հնարավոր չի համարում»։
Անդրադառնալով խմբակցության հնարավոր ակտիվ գործունեությանը Արթուր Վանեցյանը նշեց, որ այս Ազգային ժողովում սուր ելույթների պակաս չի լինելու:


