Երևանի ավագանու անդամին դանակի 11 հարված են հասցրել, հարուցվել է քրեական գործ
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանին օգոստոսի 1-ին, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում դանակահարել են ՀՀ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում գտնվող իր տանը:
Այս մասին InfoPort.am-ին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Արման Անտոնյանին դանակի 11 հարված են հասցրել: Քրեական գործ է հարուցվել 147 (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը), 118 (ծեծը), 34-104-ի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանության փորձը)»,- նշեց Թադևոսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 1-ին՝ գիշերը ժամը 1։00-ի մոտակայքում մի քանի դիմակավորված անձինք մահակներով և դանակներով ներխուժել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արման Անտոնյանի Կոտայքի մարզում գտնվող տուն, դաժան ծեծի են ենթարկել և դանակահարել են նրան։
Արման Անտոնյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։


