երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արտակարգ իրավիճակների նախարարը հանդիպել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Արտակարգ իրավիճակների նախարարը հանդիպել է Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այսօր՝ նոյեմբերի 15-ին, հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեի հետ: Ներկա է եղել նաև դեսպանության առաջին քարտուղար Շալվա Սաբաուրին: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը:
 
Անդրանիկ Փիլոյանը նշել է, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն դարավոր հարևաններ են, այլև եղբայրական և բարեկամ երկրներ, ուստի երկու կողմերի համար էլ կարևոր նշանակություն ունի ակտիվ և փոխշահավետ համագործակցությունը: Նախարարն ընդգծել է՝ հաշվի առնելով Հայաստանին և Վրաստանին սպառնացող աղետների նմանությունը՝ առանձնակի կարևորում է արտակարգ իրավիճակների ոլորտում համապատասխան կառույցների միջև սերտ համագործակցությունը, որի հիմքը դրվել է դեռևս 1997 թվականին ստորագրված «Բնական և տեխնածին բնույթի արտակարգ իրավիճակների կանխման ու հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրով:

Իրակլի Կվանճախաձեն շնորհակալություն է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության թիմին՝ 2017թ. օգոստոսին Վրաստանի Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում անտառային հրդեհների մարման աշխատանքներում վրացի գործընկերներին աջակցություն ցուցաբերելու համար:

Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը հյուրերին շնորհակալություն է հայտնել այցի համար, հույս հայտնել, որ ՀՀ Արտակարգ իրավիճակների և Վրաստանի Ներքին գործերի նախարարությունների միջև կազմված համագործակցության ընդլայնման նախագիծը կյանքի կկոչվի 2022-2023թթ.-ին:

  • Կիսվել: