կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցել են առաջիկա հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացն առաջ մղելու կոնկրետ քայլերի շուրջ․ մանրամասներ

Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը բանակցել են առաջիկա հանդիպման ժամանակ խաղաղ գործընթացն առաջ մղելու կոնկրետ քայլերի շուրջ․ մանրամասներ

Եվրամիությունը կարծում է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի «հրապարակայնորեն վերահաստատելու համար իրենց հավատարմությունը միմյանց տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը` ավելի վաղ Պրահայում եւ Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններին համաձայն»:

Այս մասին նշվում է Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի գրասենյակի հաղորդագրության մեջ, որն ամփոփել է այսօր Բրյուսելում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի և Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման արդյունքները, որին մասնակցել են Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի խորհրդականները եւ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչը:

«Եվրամիությունը ուշադիր հետեւում է զարգացումներին եւ ներգրավված է ամենաբարձր մակարդակով՝ օգնելու մեղմել մարտերի ազդեցությունը խաղաղ բնակչության վրա: Այս համատեքստում ԵՄ-ն վերահաստատել է իր դիրքորոշումը նախորդ շաբաթ Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողության վերաբերյալ։

Հիքմեթ Հաջիեւը ներկայացրել է Ադրբեջանի ծրագրերը մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ տեղի բնակչության անվտանգությունն ապահովելու վերաբերյալ։ ԵՄ-ն ընդգծել է միջազգային մարդասիրական եւ իրավապաշտպան կազմակերպությունների համար թափանցիկության եւ հասանելիության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ Բաքվի կողմից Ադրբեջանում ղարաբաղցի հայերի ապագայի իր տեսլականի ավելի մանրամասն ներկայացումը: ԵՄ-ն օգնություն է ցուցաբերում Ղարաբաղի հայերին:

Հանդիպումը թույլ տվեց նաեւ մտքերի ինտենսիվ փոխանակում անցկացնել հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակներում առաջնորդների հնարավոր հանդիպման կարեւորության վերաբերյալ: Մասնակիցները նշել են Հայաստանի եւ Ադրբեջանի փոխադարձ շահագրգռվածությունը՝ օգտագործելու Գրանադայում հնարավոր հանդիպումը՝ շարունակելու ջանքերը հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։

Արմեն Գրիգորյանը եւ Հիքմեթ Հաջիեւը բանակցություններ են վարել առաջիկա հնարավոր հանդիպման ժամանակ հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացն առաջ մղելու հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ, մասնավորապես՝ սահմանների սահմանազատման, անվտանգության, հաղորդակցության եւ հումանիտար հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: