երկուշաբթի, հոկտեմբեր 19
19 / 10 / 2026
Արցախում ուսուցիչների թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարվել

Արցախում ուսուցիչների թափուր տեղերի համար մրցույթ է հայտարարվել

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի թիվ 1 հոսքային միջնակարգ դպրոցում դասվարի, Շուշիի շրջանի Մեծ շենի դպրոցում զինղեկի, ֆիզկուլտուրայի, անգլերենի, մաթեմատիկայի, Եղցահողի ՝ մաթեմատիկայի, ինֆորմատիկայի և ֆիզիկայի, Հին շենի դպրոցում անգլերենի, Լիսագորի դպրոցում՝ քիմիայի, կենսաբանության, պատմության, ռուսաց լեզվի և անգլերենի ուսուցիչների թափուր տեղերի համար: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցին տեղեկացրեց ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի պատասխանատու Մերի Սարդարյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով` գրավոր և բանավոր` ըստ ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։ Հարցաշարերը հրապարակված են «Լուսարար» պաշտոնաթերթում։

«Մրցույթին մասնակցելու համար անձը հանձնաժողովին է ներկայացնում.

1. Հանձնաժողովի անունով գրավոր դիմում` նշելով այն աշխատատեղը, որին հավակնում է:

2. Փաստաթուղթ (դիպլոմ) «Հանրակրթության մասին» ԼՂՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ

3. Անձնագրի պատճենը

4. Ինքնակենսագրություն

5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի, հավաստագրերի պատճենները (դրանց առկայության դեպքում),

6. Մեկ լուսանկար` 3×4 չափի։

Այլ պետությունների քաղաքացիները` Արցախի Հանրապետությունում աշխատելու իրավունքը փաստող վկայագիր, իսկ Արցախի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինգրքույկ:

Փաստաթղթերն ընդունվում են մինչև հոյտեմբերի 9-ը ներառյալ՝ ամեն օր՝ ժամը 09:00-ից մինչև 15:00-ն՝ համապատասխան հանրակրթական ուսումնական հաստատություններ։ Մրցույթը տեղի կունենա 2021 թվականի հոկտեմբերի 11-15-ը ընկած ժամանակահատվածում», - նշեց Մ. Սարդարյանը։

  • Կիսվել: