ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Արարատ Միրզոյանն ու Ժերար Լարշեն ընդգծել են հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Արարատ Միրզոյանն ու Ժերար Լարշեն ընդգծել են հայ ռազմագերիների ազատ արձակման անհրաժեշտությունը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 10-ին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ: 

Զրուցակիցները ջերմությամբ վերհիշել են ընթացիկ տարվա ապրիլին Ֆրանսիայի Սենատի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և անմիջական ու բարեկամական մթնոլորտում տեղի ունեցած արդյունավետ քննարկումները։

Կողմերը քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր։ Նախարար Միրզոյանը կարևորել է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում ֆրանսիացի  խորհրդարանականների՝ Հայաստանին, Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերած անվերապահ աջակցությունը: 

Արարատ Միրզոյանը կրկին շնորհակալություն է հայտնել բարեկամ Ֆրանսիային և, մասնավորապես, Ֆրանսիայի Սենատին՝ 2020թ․ նոյեմբերի 25-ին ընդունված «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձևի համար, որն ի ցույց է դնում Ֆրանսիայի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին ու համամարդկային արժեքներին, և կարևոր նշանակություն ունի ԼՂ հակամարտության արդարացի լուծման գործում։ 

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է համապարփակ ու տևական լուծում ստանա խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում։

Անդրադարձ է կատարվել նաև Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին։ Երկուստեք ընդգծվել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց ազատ արձակման անհրաժեշտությունը՝ համաձայն իր ստանձնած պարտավորությունների: 

Զրուցակիցները քննարկել են նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում Արցախի հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հարցը։ Այս առումով կարևորվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատման առաքելության այցն Արցախ, որը մինչ այժմ տեղի չի ունեցել Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով։ Արարատ Միրզոյանը նշել է, որ միջազգային մարդասիրական կազմակերպությունները պետք է անխափան մուտք ունենան Արցախ՝  ընդգծելով մարդասիրական բնույթի հարցերը քաղաքականացնելու փորձերի անթույլատրելիությունը։

Արարատ Միրզոյանն ու Ժերար Լարշեն գոհունակություն են հայտնել միջխորհրդարանական մակարդակով երկու երկրների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ, որը հայ-ֆրանսիական  առանձնաշնորհյալ հարաբերությունների առանցքային սյուներից է, և որում նշանակալի ավանդ ունեն Հայաստանի և Ֆրանսիայի խորհրդարաններում ձևավորված բարեկամության խմբերը: Նշվել է նաև բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Եվրոպական խորհրդարանում և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, հայ-ֆրանսիական համագործակցության բարձր մակարդակի մասին:

  • Կիսվել: