շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Առաջարկվում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար սահմանել հստակ ժամկետ

Առաջարկվում է պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման վարույթով գործերի քննության համար սահմանել հստակ ժամկետ

Անձի պատվի և արժանապատվության պաշտպանությունը պետք է իրականացվի խելամիտ ժամկետներում որպես այդ իրավունքների արդյունավետ պաշտպանության երաշխիք: Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով օրենքնի նախագիծը։

«Նախագծով առաջարկվում է պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթն ընդգրկել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի «Հատուկ հայցային վարույթներ» ենթաբաժնում: Սահմանել հստակ ժամկետ նման վարույթով գործերի քննության համար, քանի որ նման գործերն իրենցից ապացուցողական բարդություն չեն ներկայացնում»,- ասաց Պետրոսյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Վահե Դանիելյանը նշեց, որ գործադիրը կողմ է նախագծին եւ ներկայացրել է որոշակի առաջարկներ: Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ ընդունելու ժամկետն առաջարկվեց սահմանել մեկ ամիս: Փոխնախարարը փաստեց, որ դատարանների գերծանրաբեռնվածությունն է դատական նիստերի ձգձգման պատճառը:

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին տրվեց դրական եզրակացություն:

  • Կիսվել: