կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Անվտանգությունը միայն ռազմականը չէ, նաեւ միտքն է, աշխարհի հետ հարաբերություններն են.  Բագրատ Սրբազան

Անվտանգությունը միայն ռազմականը չէ, նաեւ միտքն է, աշխարհի հետ հարաբերություններն են. Բագրատ Սրբազան

Հայաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս  սփյուռքահայերի ներուժը լիարժեքորեն կենսագործել: Այս մասին, այսօր Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի հետ հայրենադարձների հանդիպման ժամանակ ասաց սփյուռքահայերից մեկը:

Նա դիմելով Բագրատ Սրբազանին, ասաց. «Դուք, որպես այս շարժման առաջնորդ, կարեւոր դեր ունեք խաղալու, որ կարելի է Հայաստանում եւ Հայաստանից դուրս գործող իրավաբանների խումբ ստեղծել, որ այդ օրենսդրական մեծ փաթեթի հայեցակարգը մշակեն: Դրա մեջ կարող է լինել նաեւ խորքային հայրենադարձության հայեցակարգի մշակումը, որովհետեւ այս երկու խնդիրներն իրար հետ կապված են:

Երկրորդը, Հայաստանը պետք է դառնա այնպիսի ուժեղ պետություն, որ մեր թշնամիների ատամները կոտրվեն, ձեռքները կոտրվեն, եթե համարձակվեն մեր դեմ դուրս գալ: Գերագույն արժեք պետք է հռչակվի Հայաստանի անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը»,-ասաց նա:

Սփյուռքահայը նաեւ հարց ուղղեց, թե ինչու Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որ մշտապես սերտ կապի մեջ է Հայ եկեղեցու հետ, 2018-ից ի վեր զորակցություն չի հայտնել եկեղեցուն, որի դեմ ՀՀ իշխանությունն արշավ է սկսել:

Բագրատ Սրբազանն արձագանքեց. «Հայաստանն ունի բոլորն հնարավորությունները թե ֆիզիկական իմաստով, թե հոգեւոր, մտավոր, բարոյական իմաստով, ձեր ասած երկիրը դառնալու համար: Ոչ մի պատճառ չկա, որ այդպիսին չլինի: Դա պահանջում է ուժերի կենտրոնացում եւ 24 ժամ աշխատանք։ Մենք դժվար կացության մեջ ենք այսօր, բայւց նույնիսկ այս իրավիճակում ճիշտ կիրառում գործադրելու դեպքում անկարելի է, որ հաջողություն չունենա:

Կարեւոր է, թե ինչ նպատակ է սահմանել երկիրը: Սահմանե՞լ է, որ պետք է լինի զորավոր, անվտանգ երկիր, թե ոչ: Թե՞ ասում է՝ թշնամիները ինչ ուզեն, պետք է հանձնենք, որ լինենք անվտանգ: Անվտանգությունը միայն ռազմականը չէ, նաեւ միտքն է, աշխարհի հետ հարաբերություններն են, ներքին օրակարգն է:

Ամենամեծ անվտանգային խնդիրը հասարակական լայն հաշտությունն է:

Շատ մասնագետներ կան, որ անվտանգային դոկտրին են պատրաստում: Անցյալից էլ ունենք, որոնք մերժելի չեն»:

Ինչ վերաբերում է ՀԲԸՄ-ի դիրքորոշմանը, Սրբազանն ասաց. «Ես համաձայն չեմ, որ չեն հայտարարել, մի քանի անգամ տարբեր առիթներով, երբեմն շատ կոնկրետ դեպքի հետ կապված եղել են թե հայտարարություններ, թե ընդվզումներ: Եկեղեցու դեմ տեղի ունեցող այդ անհասկանալի հալածանքների ծիրից ներս իր հստակ կեցվածքն ունի»:

  • Կիսվել: