Անհրաժեշտ է «կոնսենսուսի սեղան», որի շուրջ կարող է հաշտություն կայանալ, իսկ ես պատրաստ եմ լինել միջնորդ. Թևան Պողոսյան
Ստեղծված իրավիճակը պետք է լուծել բացառապես իրավական և կոնսենսուսային ճանապարհով, InfoPort.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը։
Նրա դիտարկմամբ, հարուցված քրեական գործերը պետք է քննվեն, ուղարկվեն դատարան և թափանցիկ դատաքննության արդյունքներով կայացվի դատավճիռ, որպեսզի հանրությունը վստահ լինի դրա արդարացի լինելու մեջ։
«Միակ ճանապարհը այն է, որ թողնենք իրավապահ համակարգը աշխատի։ Կան չէ՞ քրեական գործեր, որոնք օրենքների շրջանակներում պետք է քննվեն։ Եթե հարցը օրենքներից դուրս է գալիս, դառնում է քաղաքական, որը մի խմբի համար ընդունելի է, մյուս խմբի համար՝ ոչ։ Այդ ամենը առաջացնում է տարաձայնություններ, բաժանություն հիասթափություն, տարածում է գտնում ատելության խոսքը, մարդիկ սկսում են վիրավորել իրար», -նշեց Թևան Պողոսյանը։
Այս պարագայում, երբ բոլորն սկսում են միմյանց ատել ու թշնամաբար վերաբերվել, անհրաժեշտ է «կոնսենսուսի սեղան», որի շուրջ կնստեն բոլոր քաղաքական գործիչները ու կպայմանավորվեն գոնե քաղաքական հարթության մեջ կարմիր գծեր գծել ու չանցնել դրանք։
Հարցին, թե ինքը պատրա՞ստ է միջնորդ հանդես գալ, Պողոսյանն ի պատասխան նկատեց, որ դա շատ դժվար գործ է ու հավելեց.
«Պետք է վստահություն ունենալ բոլորի կողմից։ Այո, պատրաստ եմ, ուրախ կլինեմ, բայց պետք է, որ բոլոր կողմերի համար այդ միջնորդությունը ցանկալի լինի և հասկանան, որ հասել ենք մի կետի, որից այն կողմ չպետք է գնալ, որը չպետք է անցնել»։
Նրա խոսքով, այդ նույն գաղափարը կարող է իրականացնել Ազգհային ժողովը՝ հրավիրելով խորհրդարանական ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին, նստել, փորձել ձևավորել ձևաչափ, որը կքննարկի առաջացած խնդիրները։
Թևան Պողոսյանի դիտարկմամբ, հաշտարար կարող է լինել նաև Հայաստանի նախագահը։
«Ցավոք սրտի, հայ ժողովրդի պատմության մեջ պառակտումներ մեզ դասեր չեն տվել, որ ծովից Ծով Հայաստանն այս օրին է հասել, պառակտումների հետևանքն է, երբ թշնամին տեսել է, որ մենք բաժանված ենք, միասնական չենք, հարձակվել է ու մի մասը տարել է», - ասաց Պողոսյանը։