Անդրանիկ Քոչարյանն այս ամբիոնից չի ուզում ասել, որ Ռոբերտ Քոչարյանը լինելով փաստացի Արցախի ղեկավար մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային․ Վարդևանյան
Այս դահլիճում հնչեց հերթական անգամ մի սուտ, որը կարծում եմ՝ ուղղակի կապ ունի նաև 44-օրյա պետարզմի, բանակի ուժի, բանակի խնդիրների հետ: Ազգային ժողովում ելույթի ժամանակ այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Օգտագործվում է արտահայտություն, որ 2008 թվականին բանակը գնդակահարել է մարդկանց, նման տիտանական մասշտաբի սուտ չի կարող լինել: Այստեղ նստած է պարոն Քոչարյանն, ով փաստահավաք խմբի անդամ է եղել, նրանից հետո կարելի է ասել՝ եկավ սասունխաչատրյանական ՀՔԾ, որը երեք տարի արել է ամեն ինչ, ինչ կարելի էր անել, որպեսզի հաճոյանար այս իշխանությանը: Նման բառ այնտեղ չկա, մի ասեք նման ստեր, էն էլ այն ամբիոնից, որը տարբեր բարձր բնութագրումներ է ստանում ձեզնից»:
Արամ Վարդևանյանը նաև հավելեց.
«Անդրանիկ Քոչարյանն իր խոսքում ասում է՝ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ շրջան է եղել, որ վիճակը բարդ է եղել, որ նույնիսկ նահանջ ենք ունեցել, հետո հաղթել ենք: Ճիշտ է ասում պարոն Քոչարյանը, ուղղակի երևի քաղաքական հայացքներով կաշկանդվածությամբ պայմանավորված ամբողջ ճշմարտությունը չի ասում: Օրինակ՝ չի ասում Արցախում այդ ժամանակ ինչ էր կատարվում, չի ասում, որ Արցախում այդ ժամանակ ձևավորվել էր Պետական պաշտպանության կոմիտե: Անդրանիկ Քոչարյանն այս ամբիոնից չի ուզում ասել, որ Պետական պաշտպանության կոմիտեի նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, ով լինելով փաստացի Արցախի ղեկավար մասնակցում էր Շուշիի ազատագրման օպերացիային»:


