չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը․Գրիգորյան

Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը․Գրիգորյան

Մեկ տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ ընդունվեց եռակողմ հայտարարություն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման։ Այս մասին ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի դաշնակիցների ջանքերը, ինչպես նաև խաղաղապահ զորախմբի գործունեությունը», - ասաց նա։

Գրիգորյանի խոսքով, չնայած եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորություններին, Ադրբեջանը շարունակում է տորպեդահարել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ գերության մեջ պահելով հայ ռազմագերիներին, ինչը ոչ միայն նոյեմբերի 9-ի հայտարարության ութերորդ կետի կոպիտ խախտում է, այլև խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը։

«Տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին եռակողմ հայտարարությունների դրույթները խեղաթյուրելով՝ Ադրբեջանը հայտարարում է միջանցքի գաղափարի մասին, ինչն ուղեկցվում է ուժի կիրառման սպառնալիքներով։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող լուծվել ուժային ճանապարհով։ Հակամարտության կարգավորումը հնարավոր է խաղաղ բանակցությունների միջոցով բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում», - հայտարարեց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակը լիցքաթափելու և տարածաշրջանում խաղաղ զարգացման փուլ մտնելու համար անհրաժեշտ է, որ Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում ցուցաբերի՝ հրաժարվելով ատելության քաղաքականությունից, ագրեսիվ հռետորաբանությունից և թշնամական գործողություններից։

  • Կիսվել: