կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում․ Ռուբինյան

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում․ Ռուբինյան

Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց խորհրդարանի փոխխոսնակի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության թեկնածու Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։

«Պետական, միջազգային ճանաչված սահմանված սահմանը միայն գիծ չէ, այն որոշակի երաշխիք է: Մի բան է, երբ ռազմական բախումներ են տեղի ունենում  Կովսականի շրջանում, մեկ այլ բան է, երբ մեր զորքերը կանգնում են նախկին հայկական ԽՍՀ սահմաններում: Այժմ այդպիսի բան հնարավոր չէ այն պարզ պատճառով, որ մենք կանգնած ենք ՀՀ սահմաններին, և դա որոշակի երաշխիքներ է ենթադրում: Դա ոչ միայն ՀՀ սահմանն է, այլ նաև՝ ՀԱՊԿ-ի սահմանը»- նշեց Ռուբինյանը:

ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանն արձագանքեց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը ապօրինաբար անարգել մուտք են գործել Սյունիքի, Գեղարքունիքի տարբեր հատվածներ՝ պաշտոնական տեղեկատվությամբ մինչև 3.5 կմ խորությամբ:

«Այս պահին այդ տարածքները բռնազավթման կարգավիճակով են: Եվ այս պահի դրությամբ դրա կարգավորման համար պատշաճ միջոցառումներ չեն իրականացվել: Ձեր ասած հիմնավորմամբ՝ ցանկացած պահի Ադրբեջանը կարող է մտնել և զավթել ՀՀ տարբեր հատվածներ, դուք հետագայում դա կհիմնավորեք դրանով, որ դա չէիք ցանկանում թույլ տալ, բայց Ադրբեջանն ապօրինի բռնազավթեց»,-ասաց նա:

«Ոչ, Ադրբեջանը չի կարող ցանկացած պահի մտնել Հայաստանի տարածք, և դա ապացուցվել է մեկ շաբաթ առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցածով, երբ մեր Զինված ուժերը փայլուն կերպով դիմակայեցին հարձակմանը: Իսկ ինչ վերաբերում է Սև լճի, Գեղարքունիքի և մյուս հատվածներին, ապա ադրբեջանական զորամիավորումներն այդտեղ գտնվում են ապօրինի և պետք է այնտեղից դուրս գան: Մեր վերլուծությունն այն է, որ այս քայլով Ադրբեջանը փորձում է պայթեցնել տարածաշրջանային կայունությունը կամ կիսակայունությունը և չկատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված  տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման կետը: Եվ մենք դեռ փորձում ենք քաղաքական, դիվանագիտական ճանապարհով լուծել հարցը: Եվ մեր միջազգային գործընկերները, այդ թվում ՌԴ-ն կիսում են մեր դիրքորոշումը՝ նաև սահմանային կոնկրետ կետերի վերաբերյալ, և մենք գնալու ենք առաջ այս ուղղությամբ»,-պատասխանեց Ռուբինյանը:

  • Կիսվել: