Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը ՀՀ-ում ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP-ը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ քննարկել է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի երթուղու»՝ TRIPP-ի իրականացումը և ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում, ուր Ալենը ժամանել էր այցով։ Դրան մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էյմի Կարլոնը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի առաջմղումը, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդումը։
Նշվում է, որ առանձին ուշադրություն է դարձվել TRIPP-ի իրականացմանը և կառավարման ընկերության ստեղծմանը, որը կղեկավարի երթուղու երկայնքով ենթակառուցվածքների շինարարությունը։
Մամեդովը նաև ներկայացրել է ԱՄՆ իր այցի արդյունքները, որը տեղի էր ունեցել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ, և դրա արդյունքներով ստորագրված եռակողմ հռչակագիրը։
Բացի դրանից, Ադրբեջանի և ԱՄՆ ներկայացուցիչները քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները և ռազմավարական գործընկերության խարտիայով նախատեսված ուղղությունները։



