Արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացնել. Անահիտ Ավանեսյան
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների նկատմամբ պահանջարկն անընդհատ աճում է։ Այս մասին այսօրվա՝ հուլիսի 29-ի կառավարության նիստում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք արդեն 163 հազար պատվաստում ենք իրականացնել։ Իհարկե, այս որոշման շրջանակներում ձեռք բերվող պատվաստանյութերի արագ մատակարարումը ևս խթան կհանդիսանա, որ մեր քաղաքացիներն ավելի արագ պատվաստվեն, ինչը երաշխիք է, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին կունենանք ավելի շատ պատվաստված անձինք։ Մենք նաև նախապատրաստում ենք որոշակի սահմանափակումների փաթեթ, որը շուտով կներկայացնենք կառավարության դատին։ Ինչպես տեսնում ենք, բոլոր երկրները որոշակի գործիքակազմ կիրառում են՝ և սահմանափակումների, և խրախուսման, փորձում են հնարավորինս ապահովել բնակչության պատվաստումների բարձր ցուցանիշներ։ Եթե նախկին շտամների պարագայում պատվաստման համար բնակչության թիրախային ցուցանիշ էր վերցվում 65 տոկոսը, ներկայում այս «դելտա» շտամի պարագայում, քանի որ տարածելիությունը բավական բարձր է, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս երկրներին պատվաստման ընդհանուր ցուցանիշը բարձրացնել 75 տոկոսից ավելի»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։
Կոնորանվիրուսային համավարակի առումով, ըստ նրա, տարածաշրջանում բավական լարված է իրավիճակը, բայց Հայաստանում պահպանվում է կայուն իրավիճակ։ «Բայց ամեն շաբաթ մի փոքր աճ նկատում ենք։ Ուստի, մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս տենդենցը պահպանվի, և թվերի կտրուկ աճ չունենանք»,- նշեց նա։


