հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները

«5165» շարժումը չի ընդունում ընտրությունների արդյունքները: Շարժման հայտարարությունում, մասնավորապես, ասվում է․

«5165» շարժման հայտարարությունը․

Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնք վստահեցին մեզ և քվեարկեցին «5165» շարժման օգտին: Այս բոլոր ձայները չափազանց թանկ և պարտավորեցնող են մեզ համար, և հավատացնում ենք, որ մեր շարունակական պայքարը ապացուցելու է ձեր վստահության կարևորությունը:

Միևնույն ժամանակ պարտավոր ենք նշել, որ տեղի ունեցած ընտրություններն անցան համատարած խախտումներով, ողջ քարոզարշավի ընթացքում օգտագործվեց իշխանական ռեսուրսը, գործի դրվեցին վաղուց հայտնի մեթոդները, տարբեր ուժերի կողմից գեներացվեց աննախադեպ ատելության մթնոլորտ, հնչեցվեցին սպառնալիքներ և բռնության կոչեր, առկա էին ընտրողների ուռճացված ցուցակներ և անճշտություններ, քվեների հաշվարկի ընթացքում եղան քաղաքների հոսանքազրկումներ:

Վերոնշյալ հանգամանքներից ելնելով՝ «5165» շարժումը համարում է, որ այս ընտրությունները չեն համապատասխանում ժողովրդավարական ընտրությունների չափանիշներին և չի ընդունում ընտրությունների արդյունքները: Անկախ հրապարակված պաշտոնական արդյունքներից, «5165» շարժումը համարում է, որ ներկա վարչախմբի գոյությունը կործանարար է մեր պետականության համար, և մենք շարունակելու ենք մեր պայքարը հանուն Հայի և Հայաստանի»:

Հունիսի 20-ին Հայաստանում կայացել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Նիկոլ Փաշինյանը գլխավորած ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ստացել է ընտրողների 53.92 տոկոս ձայները:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքներով նոր խորհրդարանում կլինեն երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Հայաստան» դաշինքը և «Պատիվ ունեմ» դաշինքը: «Պատիվ ունեմ» դաշինքը չի հաղթահարել անցողիկ շեմը, և խորհրդարանում կլինի իրավունքի ուժով:

  • Կիսվել: