2019-ին ՌԴ-ի հետ հարաբերությունները շատ լավ են եղել, ԱՄՆ-ի դեպքում՝ դինամիկ զարգացում կա. Գրիգորյան
«Հայաստանն աննախադեպ քանակի զենք է ձեռք բերել 2019թ., և մենք մեծ ներդրումներ ենք կատարել այս ուղղությամբ և նույնիսկ լայնածավալ, նոր զենք ձեռք բերելու պայմանավորվածություն ենք ունեցել: Եվ մենք մեր առջև խնդիր ենք դրել՝ փակելու 80-ականների զենքով կռվելու ընդհանուր այդ փիլիսոփայության էջը մեր պատմության մեջ: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը:
Նա անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին և ասել, որ կարծում է՝ մակրո մակարդակում դրանք շատ լավ են, և հենց 2019 թվականին էլ մակրո մակարդակում այդ հարաբերությունները շատ լավ են եղել:
Գրիգորյանը, մասնավորապես, նշել է. «Միայն մեկ ցուցանիշ ասեմ: 2019թ. առևտրաշրջանառությունը Ռուսաստանի ու Հայաստանի միջև եղել է 1.7 միլիարդ դոլար: 2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում 1.7 միլիարդ դոլարից մի քիչ ավելի էր արդեն, այսինքն՝ սովետական բառապաշարով ասած՝ հնգամյակը մենք երեք տարում ենք փակել: Եվ նաև միկրո մակարդակում էլ որոշակի խնդիրներ եղել են, և կարող եմ ասել՝ այդ խնդիրների մեծ մասն ավելի շատ մեդիայի և ֆեյքնյուզի արդյունք էր, որովհետև մինչև հոկտեմբեր ամբողջ հայկական մեդիան թմբկահարում էր, որ, օրինակ, Վլադիմիր Պուտինը չի այցելի Հայաստան, թմբկահարում էին, որ Հայաստան սպառազինություն չի մտնում, բայց պարզվում է, որ 2019-ին աննախադեպ քանակի զենք ենք ձեռք բերել»:
Ըստ նրա՝ հարաբերություններում զարգացման դինամիկա կա, և եթե տարվա սկզբին խնդիրներ եղել են, ապա տարվա վերջում կարող ենք ֆիքսել, որ հայ-ռուսական հարաբերությունները 2018թ. մայիսից նայելու տեսանկյունից՝ իդեալական վիճակում են, ու այդ հարաբերությունները զարգացնելու պոտենցիալ նույնպես կա:
ԱԽ քարտուղարը խոսել է նաև հայ-ամերիկյան հարաբերությունների մասին և ասել, թե կարելի է ասել, որ 2019թ. մենք կրկին դինամիկ զարգացում ենք ունեցել:
Գրիգորյանը նշել է. «Տարվա ընթացքում նաև մենք սկսել ենք ռազմավարական երկխոսություն Միացյալ Նահանգների հետ: Եղել է Ազգային ժողովի նախագահի այցը Միացյալ Նահանգներ, գործընկերների հետ հանդիպումներ: Դրանք բոլորը հենց այդ դրական տենդենցի մասին են, և Ցեղասպանության ճանաչումը ևս հայ-ամերիկյան հարաբերություններին նոր լիցք հաղորդելու, հայկական համայնքի պահանջներին համապատասխան քաղաքական որոշում կայացնելու շատ ահռելի դրական քայլ էր: Ի դեպ, գիտեք, որ 2019թ. ԱՄՆ-ը Հայաստանին օգնություն տրամադրելու իր որոշման մեջ փոփոխություններ է կատարել, ավելացրել է այն. եթե չեմ սխալվում, 40 միլիոնը 60 է դարձել, և այն ռազմավարական երկխոսությունը, որ կա Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև, ես կարծում եմ, որ դինամիկ զարգացման արդյունք է»: