Սաթի Սպիվակովան հայրենիքում հանդես եկավ «Դեղձանիկը» ներկայացմամբ
Միայնություն, դեպրեսիա, անվերջ թախիծ. այսպիսին են եղել քսաներորդ դարի ամենանշանավոր կանանցից մեկի՝ օպերային աստղ Մարիա Կալասի կյանքի վերջին օրերը: Մի քիչ խենթացած, կյանքի, սակայն ոչ բեմի և օպերային արվեստի նկատմամբ հետաքրքրությունը կորցրած Կալասը հիշում է իր ընտանիքի անդամներին՝ մորը, հորը, քրոջը, նախկին ամուսնուն և իր մեծագույն սիրուն՝ հույն գործարար Արիստոտել Օնասիսին, որի հանդեպ տածած անմնացորդ սիրո պատճառով հրաժարվել է բեմից և խորտակել իրեն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարիա Կալասի կյանքի դրամատիկ էջերը, վերելքներն ու վայրէջքները ռեժիսորական հետաքրքիր, զուսպ լուծումներով, դերասանական վառ խաղով ներկայացված են Ռուսաստանի «Ազգերի թատրոն»-ի «Դեղձանիկը» բեմադրության մեջ, որում Կալասին մարմնավորում է հայազգի Սաթի Սպիվակովան:
«Ազգերի թատրոն»-ը երևանյան հյուրախաղերի ընթացքում «Դեղձանիկը» թատերասերներին ներկայացրեց ապրիլի 5-ին Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Ներկայացման մեջ Մարիա Կալասը, խոսելով բեմի մասին, ասում է, որ յուրաքանչյուր ելույթ ճակատամարտ է, իսկ Սաթի Սպիվակովայի համար ամեն հանդիպում հանդիսատեսի հետ՝ խորը և դանդաղ շունչ և արտաշունչ:
«Յուրաքանչյուր կիրթ մարդու համար Մարիա Կալասը համաշխարհային երաժշտարվեստի ականավոր դեմքերից էր, նա հանճարեղ երգչուհի էր, փառահեղ արտիստ, անհատ, որը լուսավորում էր կյանքն ու մինչ օրս անում է դա, որովհետև այսօր էլ ունկնդրում ենք նրա ձայնը, մինչ օրս բոլոր երգչուհիներին համեմատում ենք Կալասի հետ: Նա կարողացավ օպերային արվեստը բաժանել մինչև ինքը և իրենից հետո, մինչ օրս ոչ ոք նրա հետ չի կարող համեմատվել»,-շեշտում է Սաթի Սպիվակովան և հիշեցնում, որ Կալասն ասել է. «Ոչ ոք չի կարող երգել ինչպես Կալասը»:
Սպիվակովան Կալասի դերը կերտելիս նրան ընկալել է որպես սովորական կնոջ՝ իր բոլոր թուլություններվ, անհանգստություններով, կամակորություններով, հուսահատություններվ: «Նա հորինված կերպար չէ և շատ դժվար է, վտանգավոր նման կերպար կերտելը: Պետք է զգույշ մոտենալ դերին, որպեսզի կրկնօրինակում չստացվի: Պետք է ուսումնասիրել, հասկանալ, թե ով էր այդ մարդը: Ինձ համար կարևոր էր ներթափանցել Կալասի ներաշխարհ: Նա ինձ համար շատ կենդանի, մահացու վիրավոր կին է, որը շատ վառ կյանքով է ապրել»,-ընդգծում է Սաթի Սպիվակովան:
«Դեղձանիկը» բեմադրել է երիտասարդ ռեժիսոր Դմիտրի Սերդյուկը: Ներկայացման հիմքում լրագրող և սցենարիստ Մարիա Վարդենգայի «Դեղձանիկը» պիեսն է:
Դմիտրի Սերդյուկի խոսքով՝ ներկայացումը հնարավորություն է տալիս խորհել այն մասին, թե ինչպես է արտիստը կորցնում իր շնորհը:
«Չափազանց օժտված լինելով՝ Մարիա Կալասը սիրո պատճառով հրաժարվեց իր կարիերայից: Նրա հարաբերություններն Արիստոտել Օնասիսի հետ Կալասի դժբախտությունն էին: Կալասն Օնասիսին ասել է. «Եթե չես ուզում, ես չեմ երգի»: Այդ ժամանակ օպերային դիվան կորցնում է իր ձայնը, և սկսվում է մասնագիտական անհաջողությունների շղթան, իսկ հետո այն մարդը, հանուն որի Մարիա Կալասը դավաճանեց Աստծուն իր մեջ, լքում է նրան»,-ասում է ռեժիսորը:
Լեփ-լեցուն դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց բեմադրությունը՝ դերասաններին ստիպելով մի քանի անգամ բեմ վերադառնալ: Ներկայացումից հետո Սպիվակովան նշում է՝ կփորձի ապրիլի 6-ին կայանալիք ներկայացմանն ավելի շատ հույզեր փոխանցել հանդիսատեսին:
Խոսելով Հայաստանի համար դժվար ժամանակների մասին՝ Սպիվակովան ասում է. «Ես չեմ հիշում մարդկության պատմության մեջ թեթև շրջան: Ցանկանում եմ, որ իմ հայրենիքում՝ Հայաստանում, միշտ խաղաղություն, հանգստություն լինի, որ մարդիկ սիրեն միմյանց՝ անկախ նրանից, թե որտեղից են՝ Երևանից, Արցախից, Թբիլիսիից, թե այլ վայրից: Մենք փոքր ազգ ենք ու պետք է ավելի շատ լսենք միմյանց, հարգենք, սիրենք և միասնական լինենք, համախմբված»,-հավաստիացնում է դերասանուհին և շնորհակալություն հայտնում «Ազգերի թատրոն»-ի իր գործընկերներին, որոնք սիրով են եկել Հայաստան, թատրոնի հյուրախաղերի կազմակերպչին՝ «GeoProMining Gold» ընկերությունը: