Զինված հարձակում՝ Կոլումբիայի փոխնախագահի ընտանիքի անդամների վրա
Կոլումբիայի փոխնախագահ Ֆրանսիա Մարկեսն իր թվիթերյան էջում հայտնել է, որ անհայտ անձինք զինված հարձակում են գործել իր հոր և զարմիկի վրա։
Նա, մասնավորապես, նշել է. «Հայրս և վեցամյա զարմիկս, նաև անվտանգության երկու աշխատակիցները հարձակման են ենթարկվել Սուարեսից Կալի ճանապարհին: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել և իրենց լավ են զգում։Ես խնդրում եմ Կոլումբիայի դատախազությանը հետաքննություն սկսել, իսկ պաշտպանության նախարարությանը՝ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ ուժեղացնելու զինվորական և ոստիկանական ուժերի ներկայությունը, որոնք նպաստում են անվտանգության ապահովմանը։ Այս դժվարին ժամանակներում ես կոչ եմ անում ողջ Կոլումբիային միավորել ուժերը՝ խաղաղություն բերելու մեր հասարակությանը»:
Իր հերթին Կոլումբիական El Tiempo պարբերականը հայտնել է, որ անհայտ անձինք կրակել են փոխնախագահի ընտանիքի անդամներին տեղափոխող ավտոմեքենայի ուղղությամբ։ Երկրի նախագահը հանձնարարել է հետաքննություն սկսել։