շաբաթ, հունիս 20
20 / 6 / 2026
Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա բարդացնում է կարգավորումը. Թրամփ

Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա բարդացնում է կարգավորումը. Թրամփ

Ուկրաինան և Ռուսաստանը մոտ են հակամարտության կարգավորման գործարքի կնքմանը, սակայն նրանց ատելությունը միմյանց հանդեպ բարդացնում է կարգավորման գործընթացը: Այհս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Զելենսկին և Պուտինն ատում են իրար, դա դժվարացնում է կարգավորումը։ Այնուամենայնիվ, կարծում եմ՝ լավ հնարավորություններ ունենք»,-ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ Աբու Դաբիում օրերս մեկնարկած բանակցություններն արդյունավետ են եղել, և առաջիկա հանդիպումներում էլ կարող է առաջընթաց գրանցվել:

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում հունվարի 23-24-ը կայացած բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին, որ Կիևի ու Մոսկվայի թիմերին հաջողվել է հաղթահարել մի շարք տարաձայնություններ, սակայն դեռ մնում է տարածքների և անվտանգության երաշխիքների հարցը: Ակնկալվում է, որ հանդիպումները կշարունակվեն, սակայն արդեն առանց Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցության:

Ինչ վերաբերում է ավելի վաղ Վաշինգտոնի միջնորդությամբ հայտարարված էներգետիկ հրադադարին՝ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ հունվարի 30-ին ռուսական ուժերն ընդհանուր առմամբ չեն հարվածել ուկրաինական էներգահամակարգին: Նա հավելել է, որ ուկրաինական կողմը ևս հայելային կերպով դադարեցրել է ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածները:

  • Կիսվել: