Վրաստանը կարող է կորցնել ԵՄ անդամակցության հնարավորությունը. ԵՄ դեսպան
Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին հայտարարել է, որ Վրաստանը կարող է «երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամակցության հնարավորությունը», և ինքը չի տեսնում որևէ առաջընթաց կամ կառավարությունից ցանկություն, որ Վրաստանը հնարավորինս շուտ դառնա ԵՄ անդամ պետություն, գրում է aliq.ge-ն:
«2023 թվականին Եվրամիությունը Վրաստանի համար բացեց եվրոպական ընտանիքի դուռը, և վերջինս դարձավ ԵՄ անդամակցության թեկնածու երկիր։ Մենք միասին նշեցինք այդ պատմական պահը։ Այսօր, ցավոք, Վրաստանի կառավարության գործողությունների հետևանքով եվրաինտեգրման գործընթացը կանգ է առել:
Եթե այս իրավիճակը չփոխվի, Վրաստանը կարող է երկար ժամանակով կորցնել ԵՄ անդամակցության իր հնարավորությունը։ Ավելին, Վրաստանի ժողովրդավարությունը դեռևս վտանգի տակ է», — ասել է նա մայիսի 9-ին Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսում Եվրոպայի օրվան նվիրված արարողության ժամանակ։
Այս խոսքը և իր ելույթի վերջին մասը Պավել Հերչինսկին բարձրաձայնել է վրացերեն։
«Եթե Վրաստանը վերադառնա ժողովրդավարական զարգացման ուղուն, մենք պատրաստ ենք համատեղ աշխատել Եվրամիությանը Վրաստանի անդամակցության համար», — հավելել է նա։