Արագածոտնի մարզպետը՝ Փաշինյանի աղմկահարույց հայտարարությունների մասին
Ես մտավախություն չունեմ, որովհետև ոչ մի տիպի ճնշում մենք չենք գործադրել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22–ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այն ընդդիմադիրները, որոնք ճնշումներ են զգացել, դիմեն անձամբ իրեն և պատասխանատվությունը չի ուշանա, արդյոք մտավախություն չունի, որ ինքը ևս թիրախում կհայտնվի։
«Հենց սրա մասին վարչապետը գրել էր, որ եթե հիմնավորեն, պատիժը չի ուշանա։ Եթե նման դեպքեր կան, թող գրեն, հիմնավորեն և վարչապետը, որ ասել է պատիժը չի ուշանա, վստահորեն չի ուշանա»,–ասաց նա։
Հարցին՝ եթե ապացույցներ լինեն և իրեն կանչեն Հակակոռուպցիոն կոմիտե, բացառում է, որ իրեն ևս կկալանավորեն, մարզպետն արձագանքեց. «Ինչպե՞ս կարող են ապացույցներ լինել մի բանի վերաբերյալ, որը գոյություն չունի։ Ես առաջարկում եմ ձեզ, որպես լրագրող, գալ Արագածոտնի մարզ, գնալ համապատասխան այն մարզերը, որտեղ լինելու են ընտրություններ և տեղեկանալ՝ արդյոք եղել են ճնշումներ, թե ոչ։ Վստահորեն, մի քանի քաղաքացիների խոսեցնելուց հետո կհասկանաք, որ ճնշումներ մեր մարզում ընդհանրապես չկան»։



