հինգշաբթի, հոկտեմբեր 22
22 / 10 / 2026
COP17-ի շրջանակում ներկայացվել է Սնկերի պահպանության համաշխարհային ռազմավարությունը

COP17-ի շրջանակում ներկայացվել է Սնկերի պահպանության համաշխարհային ռազմավարությունը

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Սնկերի պահպանության համաշխարհային ռազմավարության մեկնարկին ելույթով հանդես է եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը։ Այս մասին տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից:

Ռազմավարությունը սնկերի պահպանությանն ուղղված առաջին համաշխարհային շրջանակն է, որի նպատակն է սնկերի պահպանության խնդիրները ներառել կենսաբազմազանության պահպանության ազգային ծրագրերում և քաղաքականություններում։

Միջոցառման ընթացքում ընդգծվել է սնկերի կարևորությունը էկոհամակարգերի պահպանության գործում, ինչպես նաև գիտական համագործակցության և միջազգային համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։

Ներկայացվել են նաև Հայաստանի գիտական ներուժն ու սնկերի բազմազանության ուսումնասիրության ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Նախաձեռնությունը միտված է սնկերի պահպանության ամրապնդմանը և դրանց դերի առավել ընդգծմանը համաշխարհային բնապահպանական օրակարգում։

  • Կիսվել: