շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանում կրճատվել է զորակոչից տարկետման իրավունքի ժամկետը

Վրաստանում կրճատվել է զորակոչից տարկետման իրավունքի ժամկետը

Զինվորական ծառայության փաթեթում կատարվել են փոփոխություններ: Եթե նախկինում զինակոչի ենթակա երիտասարդները կարող էին տարկետում ստանալ 18 ամիս՝ վճարելով 2000 լարի, ապա հիմա ժամկետը կրճատվել է, հասնելով՝ 12 ամսի: Աշնանային զորահավաքին Ախալքալաքի մունիցիպալիտետից զինվորական ծառայության է մեկնել 43 նորակոչիկ, գրում է jnews.ge-ն:

Եթե նախկինում զինակոչի ենթակա երիտասարդը ստանում էր զորակոչի ծանուցագիր, ապա, ըստ օրենքի կարող էր 18 ամիս տարկետում վերցնել՝ վճարելով 2000 լարի, հիմա այդ նույն գումարը կվճարի 12 ամսվա համար։

«Թե ինչպիսի փոփոխությունների սպասենք, հստակ չեմ կարող ասել, մեզ դեռ ոչինչ չի փոխանցվել: Միակ փոփոխությունը, որը կարող եմ ասել, դա այն է, որ տարկետման իրավունքի ժամկետը կրճատվել է, 18-ից դառնալով 12 ամիս», – ասաց Ախալքալաքի զինվորական հաշվառման և զորակոչի ծառայության պետ Ժիրայր Զանդարյանը։

Ընդգծենք, որ աշնանային զորահավաքի ժամանակ Ախալքալաքի մունիցիպալիտետում 60 հոգի զորակոչի ծանուցագիր է ստացել, որից 43-ը զորակոչվել է բանակ, իսկ 17-ը՝ մեկ տարի ժամկետով տարկետման իրավունք է ստացել։

Հատկանշական է նաև այն, որ Ախալքալաքի զինկոմիսարիատը տեղափոխվում է Վրաստանի Պաշտպանություն նախարարության հաշվեկշռին:

Եթե մինչև հիմա Ախալքալաքի զինկոմիսարիատին հատկացվող գումարը կենտրոնականից էր տեղափոխվում տեղական բյուջե, որն ըստ ծախսերի և ամիսների տեղական բյուջեն փոխանցում էր զինկոմիսարիատին։ Այսուհետ՝ 2024 թվականից սկսած Ախալքալաքի զինկոմիսարիատի բյուջետային ծախսերն անմիջապես կհոգա Վրաստանի Պաշտպանության նախարարությունը։

Նշենք նաև, որ 2023 թվականին Ախալքալաքի զինկոմիսարիատի համար փոխանցված գումարը կազմել է 193 600 լարի։

Հարկ է նշել, որ Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ Վրաստանի պաշտպանությունը և զինվորական ծառայությունը բոլոր ընդունակ քաղաքացիների պարտականությունն է։ Պարտադիր զինվորական ծառայության ենթակա է 18-ից 27 տարեկան այն անձը, որը պարտադիր զինվորական հաշվառման մեջ է և չունի պարտավոր զորակոչից ազատվելու կամ զորակոչը հետաձգելու հիմքեր: Քաղաքացիները զինվորական ծառայության են զորակոչվում, որպես կանոն, տարին երկու անգամ՝ գարնանը և աշնանը:

  • Կիսվել: