Վրաստանում ցուցարարները պայթուցիկ սարք են նետել՝ փորձելով ճեղքել ոստիկանական շղթան
Վրաստանի Ռուսթավելի պողոտայում՝ խորհրդարանի շենքի հարևանությամբ, պարբերաբար իրավիճակը լարվում է: Այս մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքի թղթակիցը:
Նրա տեղեկացմամբ՝ քիչ առաջ ցույցի հարթակից խոսնակը լուր հայտնեց, որ իրավական հանձնաժողովն աջակցել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության» օրինագծին, որից հետո քաղաքացիները հերթական անգամ փորձել են ճեղքել ոստիկանական շղթան, ինչպես նաև պայթուցիկ սարք է նետել ոստիկանների ուղղությամբ։ Մի քանի հոգու ոստիկանները դուրս են բերել տարածքից, կան բերման ենթարկված ցուցարարներ:
Խորհրդարանում ներկա են տարբեր քաղաքական կուսակցությունների առաջնորդներ, որոնց թվում՝ Նիկա Գվարամիան, Նիկա Մելիան, Լեւան Խաբեիշվիլին, Գիորգի Վաշաձեն։
Խորհրդարանի մոտ հավաքվածները բողոքում են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի դեմ և ասում, որ թույլ չեն տա, որ այն ընդունվի։
Հավելենք, որ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը հայտնի է որպես «ռուսական օրենք»։