երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վայրի կենդանիներ ուտելու ավանդույթն ու մահացու հիվանդությունները

Վայրի կենդանիներ ուտելու ավանդույթն ու մահացու հիվանդությունները

Օձերը, չղջիկները ու վայրի մի շարք այլ կենդանիներ ու թռչուններ սննդի կարևոր մաս են կազմում հարավարևելյան ասիական երկրներում:

Ինչպես գրում է «Ամերիկայի ձայն»,-ը, կարևոր խնջույքների ու տարեդարձների ժամանակ, եթե մատուցվում են օձեր ու չղջիկներ, հյուրերի մեծ մասը օգտվում է հենց այդ ճաշատեսակից:

Սակայն հենց այդ կենդանիներն են եղել կորոնավիրուսի տարածման պատճառ, որն արդեն վերածվել է համաճարակի: Չինաստանում կառավարությունը փակել է ողջ կենդանիների վաճառքի շուկաները, արգելել վայրի կենդանիների որսը, վաճառքն ու գնումները:

Ինչպես Վայրի կենդանիների համաշխարհային հիմնադրամի վաշինգտոնյան մասնաճյուղի պատասխանատուներից Քրոֆորդ Ալանն է ասում, լավ կլիներ, որ Չինաստանի օրինակին հետեւեին աշխարհի մյուս երկրներում, որպեսզի կանխվեր կովիդ 19 հիվանդության տարածումը:

Նման շուկաներ կան Ինդոնեզիայում, Վիետնամում, Լաոսում ու Մյանմարում, որոնք, ըստ մասնագետի, կարող են դառնալ հիվանդության տարածման նոր աղբյուրներ: Սակայն այս երկրներում հեշտ չէ արգելել այն, ինչը եղել է դարերով ընդունված սննդի աղբյուր:

Մարդիկ այստեղ երբեք չեն ունեցել չղջիկ կամ օձ ուտելու հարցում որեւէ մտավախություն: Եվ ինչպես տեղացիներն են ասում, իրենց չեն վախենում, քանի որ դրանք եփում են հատուկ մշակված ձևերով:

Իսկ բնության պահպանման կողմնակիցները պնդում են, որ խստացումներ կիրառվելու դեպքում կօգտվի նաեւ վայրի բնությունը:

Այնպես որ, վայրի կենդանիներին պաշտպանելու հանգամանքը վճռական փուլում է ոչ միայն վայրի կենդանիների, այլ նաև մարդու առողջության ու կյանքի համար:

  • Կիսվել: