ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ուկրաինան երբեք ռուսական չի ճանաչի օկուպացված տարածքները. Զելենսկի

Ուկրաինան երբեք ռուսական չի ճանաչի օկուպացված տարածքները. Զելենսկի

Վաշինգտոնի հետ քննարկում ենք ազատ առևտրի մասին հնարավոր համաձայնագիրը՝ որպես Ուկրաինայի վերականգնման հետպատերազմյան փաթեթի մաս: Այս մասին Bloomberg-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: 

Նա նշել է, որ նման պայմանագիրը կծառայի նաև որպես տնտեսական անվտանգության լրացուցիչ երաշխիք։ Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ առաջիկայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ:

Զելենսկին նաև հայտարարել է, որ տարածքային հարցերի վերաբերյալ մեկնաբանություններ է փոխանցել ամերիկյան կողմին և ակնկալում է, որ Ռուսաստանը մինչև հունվարի վերջ կարձագանքի Կիևի և Վաշինգտոնի համաձայնեցրած 20-կետանոց խաղաղության ծրագրին:

Խոսելով տարածքային հնարավոր զիջումների մասին՝ նա կարծիք է հայտնել, որ կարելի է Դոնբասի որոշ շրջաններում ազատ տնտեսական գոտի ստեղծել, ինչպես առաջարկում է Վաշինգտոնը, կամ սառեցնել ներկայիս առաջնագիծը և բանակցություններ վարել:  Սակայն, նրա համոզմամբ՝ Ռուսաստանը պատրաստ չէ իրական դիվանագիտության:

«Ուկրաինան երբեք ռուսական չի ճանաչի օկուպացված տարածքները և հույս ունի ապագայում վերականգնել երկրի ինքնիշխանությունը»,-ասել է Ուկրաինայի նախագահը:

  • Կիսվել: